The Washington Post. Ղազախստանը վախենում է հայտնվել Ուկրաինայի վիճակում
Ղազախաստանում նկատվող ժողովրդագրական տեղաշարժերը պարունակում են այն նույն ցուցիչները, որոնք նախորդ տարի հակամարտություն հրահրեցին Ուկրաինայում: Այս մասին գրում է The Washington Post պարբերականը ` նկատի ունենալով, որ Ղազախաստանում ապրող էթնիկ ռուսները վերջին շրջանում սկսել են իրենց անվտանգության հետ կապված լուրջ մտահոգություններ հայտնել, ինչպես որ ժամանակին տեղի ունեցավ Ուկրաինայի հարավ-արևելյան շրջաններում և Ղրիմում:
Պարբերականի փոխանցմամբ` Ղազախաստանում մտավախություն կա, որ միջէթնիկական բախումների հավանականության տեսանկյունից օրերս տեղի ունեցած նախագահական ընտրությունները կարող են վերջին խաղաղ ընտրությունները լինել Ղազախաստանում և արդյունքում Նազարբաևի հեռանալուց հետո երկիրը կարող է հայտնվել միջէթնիկական սուր բախումների հորձանուտում:
«Ղազախստանի բնակչության քառորդ մասը էթնիկ ռուսներ են և նրանցից շատերն այսօր արդեն իսկ բախվում են այնպիսի դժվարությունների, ինչպես որ դա տեղի էր ունենում Ուկրաինայի ռուսների հետ: Որոշ տեղեկությունների համաձայն, նրանց ստիպում են խոսել ղազախերեն, որի կիրառման դաշտը վերջին տարիներին զգալիորեն ընդլայնվել է: Եվ ռուսների չնչին մասն է, որ առաջատար դիրքեր է զբաղեցնում երկրի քաղաքական վերնախավում»,- գրում է պարբերականը:
Այս համատեքստում պարբերականը հիշեցնում է, որ Ռուսաստանի նախագահը հանձն է առել պաշտպանել էթնիկ ռուսներին աշխարհի որ երկրում էլ, որ նրանք լինեն: Պարբերականը նաև հիշեցնում է, որ Ղազախստանում այս կապակցությամբ մտահոգություններ առաջացան հատկապես այն ժամանակ, երբ անցյալ տարի Վլադիմիր Պուտինը երկիմաստ հոճոյախոսություն արեց Նազարբաևին` ասելով, որ նա ստեղծել է Ղազախաստան պետությունը այնտեղ, որտեղ երբեք պետություն գոյություն չի ունեցել:
«Նազարբաևից հետո մեզ մոտ շատ վտանգավոր անցումային փուլ կսկսվի: Երկրի ապագայի համար կատաղի պայքար կբռնկվի»,- պարբերականը մեջբերում է ղազախական Ռիսկերի գնահատման խմբի ղեկավարի խոսքը:
Պարբերականի դիտարկմամբ` իրենց ապագայի հարցում Ղազախստանում ապրող էթնիկ ռուսների մտահոգությունները և վախերը այնքան մեծ են, որ նրանք արդեն իսկ անցյալ տարի նամակով դիմել են Կրեմլին` խնդրելով օգնություն ցուցաբերել:
Պարբերականի հետ զրույցում ռուս համայնքի ղեկավարներից Յուրի Բունակովը նույնպես նշել է, որ Նազարբաևի հեռանալուց հետո իրադարձությունների զարգացման սցենարները չափազանց վատատեսական են:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում