Հանրային ռադիոն և մշակութային օջախ է, և դասական լրատվամիջոց. Արմեն Ամիրյան
1895 թվականին ռադիոյի ստեղծումով մեր կյանքում շատ բան փոխվեց: Հայաստանում ռադիոն ստեղծվեց 1926 թվականին, այսօր այն 89 տարեկան է: Այսօր Հայաստանի Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանը Մամուլի միջազգային օրվա և Ռադիոյի միջազգային օրվան ընդառաջ լրագրողների հետ հանդիպման ընթացքում շնորհավորելով բոլոր լրագրողներին՝ շեշտեց, որ մեր երկրում Հանրային ռադիոն և մշակութային օջախ է, և դասական լրատվամիջոց:
«Հայաստանում ռադիոյի ստեղծումը սիրում եմ նույնացնել անկախության օրվա սեպտեմբերի 21-ի հետ՝ թեպետ այն ստեղծվել է սեպտեմբերի 1-ին: Մեր 89-ամյա ռադիոն իրականության մեջ մի մասով գտնվում է մշակության ժառանգության անցյալում, մյուս մասով շատ հաստատուն կերպով կանգնած է ներկայում և հայացքն ուղղված է դեպի ապագան»,-նշեց Ա. Ամիրյանը:
Նա ընդգծեց, որ իրենք այսօր բոլոր ժամանակակից միջոցներն օգտագործում են, որպեսզի ունկնդիրներին և ընթերցողներին հասանելի լինեն սոցիալական ցանցերի, բջջային հավելումների միջոցով:
«Հանրային ռադիոն հեռարձակվում է 14 լեզուներով, որոնց թվում են նաև ՀՀ-ում բնակող ազգային փոքրամասնությունների լեզունները: Դրա հետ մեկտեղ մենք փորձում ենք վիզուալացնել մեր հեռարձակումները»,-ասաց Հայաստանի Հանրային ռադիոյի գործադիր տնօրենը:
Լրագրողի հարցին, թե նոր տեխնոլոգիաների առկայության դեպքում ռադիոն չի հնացել և իր դերը չի սպառել, նա պատասխանեց. «Նախ պետք է սահմանել հնի և նորի հստակ ձևակերպումը: Մի՞թե Չարենցը, Թումանյանը կամ Հրաչյա Ներսիսյանի ձայնը հին է: Իսկ տեխնիկական առումով ռադիոն շատ ավելի հասանելի է հանրությանը»: