Գազի սակագինը նվազեցնելու հնարավորություն կա. Թաթուլ Մանասերյան
«Կարծում եմ՝ գազի սակագինը նվազեցնելու հնարավորություն կա»,- այս մասին Panorama.am-ի թղթակից հետ զրույցում ասաց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:
Նրա խոսքերով՝ իրենք ներկայացրել են վերլուծություն, որտեղ նախանշել են այն գործոնները, որոնց հաշվին կարելի է խնայողություն անել, տնտեսել՝ սկսած սպասարկումից, վերջացրած հաշվիչներից:
«Մեր եզրակացությունն այն է, որ, այո, հնարավոր է գազի սակագինն իջեցնել»,- ասաց տնտեսագետը:
Թ.Մանասերյանն անդրադարձավ ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունը ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ուսումնասիրությանը, որից տնտեսագետը տպավորված է:
«Ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ դրա վրա ավելի շատ աշխատել է ընդդիմությունը, այլ ոչ թե ՀՀԿ-ն ներկայացնող անձինք: Զարմանալի է, որ խորհրդարանական ընդդիմադիր ուժերի կողմից որևէ գործնական քայլ չեղավ նախ երկարացնելու ժամկետը, որպեսզի ավելի մանրամասն ուսումնասիրություններ կատարվեն, ինչպես նաև հետամուտ լինել, որպեսզի չարաշահումների գծով պատասխանատվության ենթարկեն: Այդ ուսումնասիրությունները գազի սակագնի թանկացման համար բավականին լուրջ հիմք են հանդիսանում»,- նշեց Թ.Մանասերյանը:
Այսպիսով, ըստ նրա, խորհրդարանական բոլոր ուժերը պետք է գործընկերային հարաբերություններ ձևավորեն և եթե իսկապես մտահոգ են, ապա քայլեր ձեռնարկեն, որպեսզի այդ չարաշահումների գործը մինչև վերջ տանեն:
«Սակայն կասկածում եմ որոշ ուժերի վրա, քանի որ որևէ հակափաստարկ չի բերվում, թե ինչու են մերժում այդ առաջարկը, որպեսզի մինչև վերջ տանեն գործը»,- ասաց տնտեսագետը:
Թ.Մանասերյանի խոսքերով՝ եթե հիմա որևէ հակազդեցություն չլինի, ապա կարելի է ենթադրել, որ հետագայում գազի գինը կրկին կբարձրանա:
«Մինչդեռ բացի հռետորական պոռթկումներից որևէ լրջություն չկա: Այստեղ լրջություն և հետևողականություն է պետք, քանի որ մնացած բոլոր խոսակցությունները ավելորդ են, դրանք վերածվում են կենացների, եթե մարդիկ չեն ուզում գործ անել»,- նշեց Թ.Մանասերյանը: