Բրենդամոլը. Երիտասարդը հագուստ է գողացել «Զառա» խանութից, իսկ «Բերշկա»-ից չի հաջողվել
24-ամյա երևանցի մի երիտասարդ յուրահատուկ ձևով գողություն է կատարել «Երևան Մոլ» առևտրի կենտրոնում գործող «Զառա» խանութից, սակայն «Բերշկա» խանութ-սրահից նույն ոճով գողությունը կանխվել է անվտանգության աշխատակիցների կողմից:
Դատական տեղեկատվական համակարգից Panorama.am-ը տեղեկանում է, որ 24-ամյա Անդրանիկ Ե.-ն իր ընկերոջ հետ և նրա համար հագուստ գնելու նպատակով, այս տարվա փետրվարին «Երևան Մոլ» առևտրի կենտրոնում գործող «Զառա» խանութ-սրահ է մտել և ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ հագուստներ փորձելու պատրվակով նշված խանութից վերցրել է զգալի չափերի՝ 25.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության 1 հատ տղամարդու տաբատ, մտել է հանդերձարան, որտեղ էլ իր մոտ եղած աքցանի միջոցով պոկել է տաբատի վրայի անվտանգության համակարգը, տաբատը հագնելով իր տաբատի տակից՝ դուրս է եկել սրահից:
Այնուհետև նույն երիտասարդը նույն օրը մտել է նույն կենտրոնում գործող մեկ այլ խանութ-սրահ՝ «Բերշկա» և աշխատել նույն ոճով. վերցրել է 13.000 դրամ արժողությամբ «Բերշկա» ապրանքանիշի սպորտային տաբատ, մտել է հանդերձարան, ձեռքով պոկել տաբատի վրայի անվտանգության համակարգը, հագնելով իր տաբատի տակից՝ փորձել է դուրս գալ սրահից, սակայն չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ բռնվել է խանութ-սրահի աշխատակիցների կողմից:
Անդրանիկի նկատմամբ մեղադրանքն առաջադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակությունը»: Նույն օրենսգրքով, այս հանցանքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ 1-ից 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով: Երիտասարդը կալանավորված չէ, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Դատական նիստն այս գործով առայժմ չի կայացել: