Բելգիայի թուրքերը բողոքի ակցիա են անցկացնելու`ընդդեմ Հայոց Ցեղասպանության ճանաչման
Բելգիայում թուրքական համայնքը հայտարարել է, որ շաբաթ օրը Բրյուսելում բողոքի ակցիա է իրականացնելու: Այս մասին հաղորդում է «The Brussels Times» պարբերականը:
Բողոքի ակցիան ուղղված է Հայող Ցեղասպանության ճանաչման գործընթացի դեմ: Մայիսի 23-ին պլանավորվող ակցիայի ժամանակ նախատեսվում է նոտա հղել քաղաքական հանրությանը, ով միակողմանիորեն ճանաչել է Ցեղասպանությունը`անարդարացիորեն դատապարտելով թուրք հասարակությանը:
Պարբերականի հաղորդմամբ`թուրքական համայնքի նախաձեռնած ակցիան դեռևս չի արտոնվել տեղական իշխանությունների կողմից:
«Թուրքական ծագմամբ բելգիացիները ցավով արձանագրում են, որ քաղաքական աշխարհը և Բելգիայի հասարակությունը անարդարացիորեն դատապարտել են իրենց`առանց հարցնելու անգամ իրենց կարծիքը: Բելգիայի հասարակությունը դատապարտել է իրենց տարբեր հուշարձաններ կանգնեցնելու միջոցով, ինչպես նաև օրենքի ուժ ստացած տարբեր նորմեր ընդունելու միջոցով, որոնք ճանաչում են այսպես կոչված «Հայոց Ցեղասպանության» փաստը: Մենք անհանգստացած ենք, որ այս գործողությունները ատելություն և անկարգություններ կհրահրեն հասարակության տարբեր կողմերի միջև, որոնք ներկա պահին Բելգիայում ապրում են լիարժեք ներդաշնակության պայմաններում: Ինչպե՞ս կարող են մեր թոռները ինտեգրվել այս հասարակությանը, եթե նրանց պետք է մատնացույց անեն որպես մարդասպանների թոռներ: Մենք կարծում ենք, որ քաղաքական գործիչների գերխնդիրը հասարակության բոլոր շերտերի համար զարգացման հավասար պայմաններ ստեղծելն ու նրանց միջև խաղաղություն ապահովելն է»,-ասվում է ակցիայի կազմակերպիչների մամուլի հաղորդագրության մեջ: