Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ Հայաստանում խոշոր տնտեսական նախագծեր են կյանքի կոչվելու. Վարչապետ
«Կարապետյան եղբայրների հետ շատ ջերմ հարաբերություններ ունեմ և բարձր եմ գնահատում նրանց ազգանվեր գործունեությունը», -այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, սահմանամերձ դպրոցականների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք վարչապետը կառավարության նիստում արած իր` «որոշ քաղաքական ուժեր և գործիչներ ուզում են, որ կառավարությունը ձախողվի» արտահայտությունն անելիս նկատի ուներ Հանրապետական կուսակցության անդամ Կարեն Կարապետյանին:
Նա ընդգծեց, որ իր այդ հայտարարությունը Կարեն Կարապետյանին չէր վերաբերում և տեղեկացրեց. «Ավելին, ինչպես գիտեք, ես մի քանի առիթով հայտարարել եմ, որ առաջիկայում երկրում խոշոր տնտեսական նախագծեր են կյանքի կոչվելու: Նշեմ, որ դրանցից մի քանիսը հենց Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ են իրականացվելու»:
Հարակից հրապարակում`
Որոշ քաղաքական ուժեր ցանկություն ունեն, որ տնտեսական անկում լինի, բայց իրենց ցանկությունը չի իրականանալու. Վարչապետ