Մահացել է «Բանականության խաղեր»-ի հերոսի նախատիպ, մաթեմատիկոս Ջոն Նեշը
Օսկարակիր «Բանականության խաղեր» ֆիլմի հերոսի նախատիպը հանդիսացող ամերիկացի մաթեմատիկոս Ջոն Նեշը զոհվել է ավտովթարից: 86-ամյա Նեշը կնոջ` Ալիշայի հետ եղել է տաքսու մեջ, կինը ևս մահացել է: Այս մասին գրում է Բի-Բի-Սի-ն:
Գիտնականին մեծ համբավ են բերել խաղերի թեորիայի բնագավառում հետազոտությունները, ինչի համար նա 1994 թվականին Նոբելյան մրցանակի է արժանացել:
«Բանականության խաղեր» դրամայում ներկայացված են մաթեմատիկոսի ինչպես գիտական նվաճումները, այնպես էլ նրա պայքարը շիզոֆրենիայի դեմ: Ֆիլմում Նեշին մարմնավորած Ռասել Քրոուն Թվիթերում գրել է, որ իրեն ցնցել է մաթեմատիկոսի մահը, Ջոնն ու Ալիշան զարմանալի զույգ էին՝ հիասքանչ մտքով ու հոգով:
Ալիշան օգնում էր ամուսնուն հաղթահարել հիվանդությունը: Նրանք ամուսնացել են 1957-ին, երբ Նեշը համարվում էր մաթեմատիկայի ծագող աստղ: Դրանից քիչ անց Նեշի մոտ զարգացել է շիզոֆրենիայի սուր տեսակը: Կինը նրան մի քանի անգամ տեղավորել է հոգեբուժարանում: 1962-ին Ալիշան բաժանվել է Նեշից: Սակայն նրանք մնացել են մոտ ընկերներ, իսկ 80-ականների սկզբից գիտնականի վիճակը սկսել է բարելավվել: 2001-ին նախկին ամուսինները կրկին ամուսնացել են: Անցյալ շաբաթվա սկզբին Նեշին շնորհվել էր հեղինակավոր Աբելյան մրցանակ:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում