Ամերիկացի երաժշտի կողմից «Նռան գույնը» ֆիլմի երաժշտության նոր գործիքավորման հետքերով
Ամիսներ առաջ ամերիկացի էլեկտրոնային երաժիշտ Նիքոլաս Ջաարը հայ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի երաժշտությունը նոր, այլընտրանքային գործիքավորմամբ էր ներկայացրել: Այն հայտնվել էր նաև «Յութուբում»: Այս ընթացքում Հայաստանի Ազգային կինոկենտրոնը փորձել է պարզել, թե ո՞վ է տվել նման թույլտվություն: «Հայֆիլմի» վաճառքից հետո մի քանի ընկերությունների տրվել է ֆիլմի հեղինակային իրավունքները, բայց երաժշտությունը վերագործիքավորելու կամ ֆիլմում որևէ բան փոխելու իրավունք նրանք չունեն:
«Բոլոր ուղղություններով հարցումներ ենք արել, բայց ոչ ոք չգիտի, թե ով է տվել իրավունքը: Փաստացի՝ ոչ ոք չի տվել: Մենք նամակներ ենք ուղարկել Նիքոլաս Ջաարին, նա չի պատասխանել մեզ: Ավելին՝ այդ նամակներից հետո վիդեոն հեռացվեց «Յութուբից», բայց հիմա նորից տեղադրվել է: Մենք նամակներ ենք ուղարկել նաև «Յութուբին», բայց իրենք մեզ պատասխանել են, որ տվյալներ տալու իրավունք չունեն: Իրականում ֆիլմի և հենց հայկական կինոյի նկատմամբ հեղինակային իրավունքի խախտում է եղել»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Ազգային կինոկենտրոնի մամուլի պատասխանատու Ռուզաննա Բագրատունյանը:
Նա նշեց, որ մշակույթի նախարարության գիտությամբ, հավանաբար, կդիմեն արտաքին գործերի նախարարությանը՝ տեսելու, թե ինչ է հնարավոր անել, այլապես կդառնա նախադեպ մյուս ֆիլմերի համար. «Ով ինչ ուզի, կփոխի»:
«Այնպես որ, այս ուղղությամբ աշխատում ենք, բայց դեռ ծայրը չի երևում»,- ասաց Ռ. Բագրատունյանը:
Նախորդող հրապարակում՝
Նիքոլաս Ջաարը և «Նռան գույնը». Խախտվե՞լ են հեղինակային իրավունքներ
Ամերիկացի հայտնի երաժիշտը ներկայացրել է նոր երաժշտություն Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի համար
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում