Համաշխարհային պրեմիերա՝ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մայիսի 27-ին կկայանա «Զույգ Արեգակներ» 2 գործողությամբ նոր բալետային ներկայացման համախարհային պրեմիերան: Բեմադրության սցենարի հեղինակն է ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանը, երաժշտությունը՝ 4-րդ դարից մինչև 21-րդ դարն ընկած ժամանակահատվածի հայ կոմպոզիտորների:
«Զույգ Արեգակներ» բալետային ներկայացման նպատակն է ամբողջության մեջ մատուցել այն համամարդկային արժեքները, որոնցով հայ ազգը իր մասնակցությունն է ունեցել համաշխարհային արվեստի հարստացման գործին: Գրիգոր Նարեկացու վերերկրյա խոսքի յուրահատուկ ռիթմերը, Թորոս Ռոսլինի մանրանկարչության կոմպոզիցիոն և գունային պլաստիկան, Արշիլ Գորկու ինքնատիպ մտածողությունը կթելադրեն ժամանակակից խորեոգրաֆիկ լեզու՝ Մաշտոցի, Նարեկացու, Արամ Խաչատրյանի, Ալան Հովհաննեսի, Առնո Բաբաջանյանի, Ավետ Տերտերյանի և Աշոտ Արիյանի երաժշտության ուղեկցությամբ: Այս մասին հայտնում են Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Զույգ Արեգակներ» բալետային ներկայացումն իրականացվում է «Բալետ2021» զարգացման հիմնադրամի, ինչպես նաև «Հրայր և Աննա Հովնանյաններ» հիմնադրամի աջակցությամբ թատրոնում ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: Նախագծի իրականացման համար «Բալետ2021» հիմնադրամը 8-ամսյա ժամկետով Ճապոնիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Հունաստանից և Իսրայելից հրավիրել է ութ արտիստի: «Զույգ Արեգակներ»-ի առաջին չորս ներկայացումներին (մայիսի 27-ին, 31-ին, հունիսի 9-ին, 10-ին) գլխավոր դերերում հանդես կգան Վաշինգտոնի և Շտուտգարդի բալետային թատրոնների առաջատար մենապարողները:
Նախորդող հրապարակում՝
Անհավանական հանդիպումներ՝ Ռուդոլֆ Խառատյանի «Զույգ արեգակներ» բալետում