«Խիստ պատիժ էր». մանկապարտեզներին փչացած հավի միս մատակարարած երիտասարդը դատապարտվել է (տեսանյութ)
Երևանի երեք մանկապարտեզներին (թիվ 101, 116,118 ) փչացած հավի միս մատակարարած 29-ամյա Էդվարդ Մխիթարյանը, որն ընդունել էր իր մեղքը, դատապարտվել է ընդամենը 500 հազար դրամ տուգանքի: Նրա փաստաբանը, սակայն, դա «խիստ պատիժ» է համարում:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Մխիթարյանի փաստաբան Սեյրան Գրիգորյանն ասաց, որ իրենք միջնորդել էին պատիժը նշանակել 200 հազար դրամ տուգանք, սակայն դատարանը բավարարել է մեղադրող դատախազի միջնորդությունը և դատապարտել 500 հազար դրամ տուգանքի:
«Խիստ պատիժ էր, երիտասարդ է, անչափահաս մեկ երեխա ունի, չի աշխատում, ինչպե՞ս է վճարելու այդ տուգանքը: Այսօր աշխատանք ունեցող մարդիկ են հազիվ ընտանիք պահում, աշխատանք չունեցողն ինչպե՞ս է պահելու», -ասաց փաստաբանը:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ մեղադրական եզրակացության համաձայն, Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հաղթելով Երևանի քազաքապետարանի կողմից հայտարարված «Մանկապարտեզների հավի միս մատակարարելու» մրցույթում, 2014թ. հուլիսի 10-ին կնքված մատակարարման պայմանագրի հիման վրա, Երևանի Դուշամբեի 11/8 հասցեում կազմակերպել և իրականացրել է հավի մսի մշակման և փաթեթավորման գործունեություն, որի ընթացքում օգտագործելով ոչ թարմ, օգտագործման համար ոչ պիտանի հավի միս, այն մշակել է թռչնամսի մշակման ընթացքում անթույլատրելի նյութերով՝ քացախաթթվով և կալիումի պերմանգանատով:
Այդ մսից 2014-ին մեղադրյալը մատակարարել է Նոր Նորք վարչական շրջանի թիվ 101, 116,118 մանկապարտեզներին: Արդյունքում մանկապարտեզները 98750 դրամով գնել են կառավարության համապատասխան որոշման (Մսի և մսամթերքի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին թիվ 1560-Ն որոշում) պահանջներին չհամապատասխանող 79 կգ հավի միս: Բարեբախտաբար, երեխաները չէին հասցրել ուտել մատակարարված մսից, և քաղաքային իշխանությունները իրավապահների հետ միասին հավաքել էին միսը մանկապարտեզներից:
Նրա նկատմամբ քրեական գործը հարուցվել էր ՀՀ Քրեական օրենսգրքի 212- րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝(սպառողներին խոշոր չափերով խաբելը):
Սակայն դատարանն իր վերջին նիստում վերաորակել էր դատախազի առաջարկած մեղադրանքը` ՀՀ քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ (սպառողներին խաբելը):
Նախորդող հրապարակումներ՝
Մանկապարտեզներին փչացած միս մատակարարած երիտասարդը ընդունել է մեղքը և սպասում է դատավճռին
Երևանյան մանկապարտեզներին փչացած հավի միս մատակարարելու գործը դատարանում է
Ոչ պիտանի հավի միս է մատակարարվել Նոր Նորքի թիվ 101, 116 և 118 մանկապարտեզներին (Տեսանյութ)
Քաղաքապետարանի պարզաբանումը՝ մայրաքաղաքի 3 մանկապարտեզներին անորակ թռչնամսի մատակարարման վերաբերյալ
Նոր մանրամասներ փչացած հավի մսի գործից