Աճուրդով վաճառքի են հանվել Մերիլին Մոնրոյի վերջին լուսանկարները
Հունիսի 4-ին Լոնդոնում աճուրդի կհանվեն Մերլին Մոնրոյի պրոֆեսիոնալ վերջին լուսանկարները, որոնք արվել են 1962 թվականի հուլիսի 13-ին՝ դերասանուհու մահվանից 22 օր առաջ: Լուսանկարների հեղինակը դերասանուհու մտերիմ ընկեր Ջորջ Բարիսն է:
Ինչպես գրում է Elle.ru-ն սկզբնական շրջանում Ջ.Բարիսը մտադրություն ուներ Մոնրոյին նվիրված գիրք հրատարակեր, սակայն նրա մահվան լուրը լսելուց հետո հրաժարվել է այդ գաղափարից: Երկար ժամանակ այդ լուսանկարները նա պահել է իր մոտ և միայն 25 տարի տարի անց ներկայացրել հանրությանը:
2001 թվականին Բարիսը դերասանուհու մասին գիրք է հրատարակել, որտեղ գրել է. «Ամենից շատ Մոնրոյի մեջ ինձ դուր էր գալիս այն, որ նա իրեն կինոաստղի պես չէր պահում: Նա միշտ բարեհամբույր էր բոլորի հետ: Նրա հետ հեշտ էր: Իհարկե, նա գեղեցիկ էր ու սեքսուալ, սակայն նրա մեջ մանկական անմեղություն կար»:
Լուսանկարներն արվել են Սանտա Մոնիկա լողափին և Մոնրոյի Բրենտվուդի առանձնատանը: Ութ լուսանկարների նախնական գինը 8,000 ֆունտ ստերլինգ է:
Նշենք, որ Ջորջ Բարիսի լուսանկարներում Մերլին Մոնրոն կանաչ լողափային սրբիչով է փաթաթված: Սովորական սպիտակ գանգուրներ, ներկած թարթիչներ և ոչ մի կաթիլ ֆոտոշոփ: