«Մայրամուտ, որը հարկավոր է կասեցնել»… Վահան Հովհաննիսյան՝ «քեզ կարոտել են»
«Յուրաքանչյուր հոդված հրապարակելուց հետո Վահանը զանգում էր ինձ և հարցնում` «Ջեյմս, ինձ դեռ կուսակցությունից չեն հեռացրե՞լ»: Ես` ասում էի՝ չէ Վահան ջան, չեն հեռացրել: Վահանը շարունակում էր՝ «նայի, եթե հեռացնում են, թող հեռացնեն, մեկա՝ ես գրելու եմ»: Իսկ կուսակցությունում բոլորը ուրախ էին, սպաում էին Վահանի հոդվածներին»,- Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Վահան Հովհաննիսյանի «Մայրամուտ, որը հարկավոր է կասեցնել» գրքի շնորհանդեսի ժամանակ հիշեց հրապարակախոս Հարություն Հարությունյանը: Նա շարունակեց իր խոսքը. «Քեզ չեն հեռացրել կուսակցությունից, քեզ կարոտել են»:
Այսօր էլ Վահան Հովհաննիսյանի ասածներին սպասում են շատ-շատերը: Գրքի նախաբանում Հարություն Հարությունյանը գրել է՝ «Վահանի հոդվածներին սպասում և կարդում էին և՛ նրան սիրողները, և՛ չսիրողները»:
Երկլեզու գրքում (հայերեն, ռուսերեն) ընդգրկված են Հովհաննիսյանի համանուն խորագրով հոդվածաշարը` 4 մասից բաղկացած:
Գրքի շնորհանդեսին ներկա էին Վահան Հովհաննիսյանի ընտանիքի անդամներ, կուսակից ընկերներ, քաղաքական գործիչներ, մտավորականներ: Նրանք բոլորն էլ իրենց խոսքում նշում էին, որ կարոտել են ընկեր Վահանին, նրա խոսքին ու խորհուրդներին:
Վահան Հովհաննիսյանի ընկեր, արձակագիր Ռոլանդ Շառոյանն ասաց. «Վահան Հովհաննիսյանն այն քիչ մարդկանցից էր, ով ամբողջ իր կյանքը, մտածողությունը նվիրում էր հայրենիքն և հայրենիքի գաղափարին»:
Նշենք, որ Վ. Հովհաննիսյանի «Մադիլիոն» վեպ լույս է տեսել 2013 թվականին: