«Էնքան եք նավսելու, որ մինչև մեռնելս մնամ կրթության նախարար». Աշոտյանը՝ լրագրողներին. «Հրապարակ»
Արմեն Աշոտյանը, ով ժխտելով ժխտում է, որ երբևէ կդառնա Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, «Հրապարակ»-ի փոխանցմամբ՝ օրերս ԱԺ միջանցքում դժգոհել է լրագրողներից, «էնքան եք նավսելու, որ մինչև մեռնելս մնամ կրթության նախարար, մեկ ուղարկում եք Գերմանիա՝ դեսպան, մեկ՝ Ռուսաստան, շնորհակալ եմ, ես իմ տեղում նորմալ աշխատում եմ, և ընդհանրապես՝ լրատվական միջոցներդ չհոգնեցի՞ք իմ ճակատագիրը «կերտելուց»»:
«Դեռ խոսքը չէր ավարտել, երբ մոտեցավ ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը ու թե՝ զանգում եմ՝ չեք վերցնում, պարոն Աշոտյան, ինչի՞ չեք վերցնում:
«Նախարարական համաժողով ունեի, զանգում եք էս օրերին, որ ինչ անեք, չեմ հասկանում, կարո՞ղ է զանգում եք՝ պորտֆելս եք ուզում»,- հարձակման անցավ Աշոտյանը:
Մինասյանը մի պահ շփոթվեց, ապա արագ կողմնորոշվեց, ձեռքի պորտֆելը պարզեց Աշոտյանին, թե՝ «Առ պորտֆելը, ես ուրիշ հարցով էի քեզ զանգում»:
Ապա իրենց հումորից գոհ՝ ապագա կոալիցիոնիստները ցուցադրաբար ողջագուրվեցին, հեռացան՝ «ուրիշ» հարցով զրուցելու»,-հավելել է թերթը։