Տնտեսագետ. Ռուսներն ասում են՝ հարցը լուծեք ձեր ներքին ռեսուրսների հաշվին
ՀԷՑ-ում անցկացվելիք աուդիտի հիմնական նպատակը, ըստ էության, երկարաձգել հիմնախնդրի լուծումը, թուլացնել ստեղծված լարվածությունը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեց ԵՊՏՀ դոցենտ, տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը:
«Խոսքը երևի ֆինանսական աուդիտի մասին չէ, քանի որ նման կազմակերպություններում անցկացվում են նման աուդիտ: Պաշտոնական մեկնաբանությունն այնքան էլ համոզիչ չէ: Երևի աուդիտի միջոցով ուզում են ապացուցել, որ սակագինը 7 դրամի շրջակայքում թանկացնելն ավելի հիմնավոր է, քանի 17 դրամով: Մեծ հաշվով սակագնի թանկացման գործընթացը կշարունակվի, քանի որ էներգետիկ համակարգում խնդիրները շատ են»,- ասաց նա:
Իսկ թե կառավարությունն ի՞նչ միջոցներով է վճարելու ավելացված էլեկտրաէներգիայի սակագինը, տնտեսագետը նշեց, որ պարզ չէ. «Միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերով չի կարելի, քանի որ Հայաստանը միջազգային կառույցների հետ նման պայմանավորվածություն ունի: Իսկ թե ինչ արտաբյուջետային միջոցների մասին է խոսքը, չեմ կարող պատկերացնել: Բայց գրեթե համոզված եմ, որ ռուսներն ասում են հարցը լուծեք ձեր ներքին ռեսուրսների հաշվին: Չեմ բացառում, որ հարկեն Ռուսաստանից Հայաստան եկող մասնավոր տանսֆերտները»:
Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը, ըստ Ա. Եղիազարյանի, կբերի նրան, որ Հայաստանի տնտեսությունը հեռանկարների առումով ընդհանրապես մրցունակ չի լինի, քանի որ էներգատար արդյունաբերությունը չի զարգանա: