Ռուսական աղբյուրներ. Հայաստանը բանակցում է «Իսկանդեր» տիպի համալիրներ ձեռքբերելու շուրջ
Հայաստանը Ռուսաստանի հետ բանակցություններ է վարում Искандер-М տիպի օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ ձեռք բերելու շուրջ: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը հղում անելով ռազմա-տեխնիկական ոլորտում ունեցած իր աղբյուրներին:
«Պայմանագիրը դեռևս կնքված չէ: Բանակցություններ են ընթանում»,- հայտնել է աղբյուրը՝ նշելով, որ «նման պայմանագրերի մասին տեղեկատվությունը գաղտնի է»:
Ռուսական աղբյուրը նշում է, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նշված համալիրները մինչև 2016 թվականն արտահանման ենթակա չեն:
Հիշեցնենք, որ հունիսի 26-ի հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել էր , որ հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նույն օրվա նիստում ստորագրվել է համաձայնագիր՝ Հայաստանին 200 մլն ԱՄՆ դոլարի չափով արտոնյալ արտահանման վարկ տրամադրելու մասին, ինչը ինչը թույլ կտա «զգալիորեն ընդլայնել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի զինանոցի ժամանակակից սպառազինման տեսականին»:
Իսկ այսօր կայացած նիստում ՀՀ Ազգային ժողովը վավերացրել է նշված համաձայնագիրը: