Ժողովուրդ են, եկել են, հանգստանում են. Գեներալ Գրիգորյանը՝ Բաղրամյանը փակած ցուցարարների մասին
«Դե ժողովուրդ են, ամեն մարդ իր գործն անում ա, թող անեն էլի: Կարգին էլ գործ են անում»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հանրապետական խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը` անդրադառնալով Բաղրամյան պողոտայում արդեն տասն օր շարունակ ձգվող բողոքի ակցիային:
Դիտարկմանը, թե մինչև երբ կարող է շարունակվել հավաքը, ինչի արդյունքում պողոտան փակ է մնացել, Գրիգորյանը արձագանքեց. «Դե ավելի լավ, թող մնա…. Ժողովուրդ են, եկել են հանգստանում են»:
Հարցին, թե նրան չի՞ խանգարում այն, որ Երևանի կենտրոնական փողոցներից մեկը փակ է, պատասխանեց կտրում. «Ոչ, ոչ մի բան էլ ինձ մեր երկրում չի խանգարում»:
Հարցին, թե ինչքա՞ն կարող են դեռ մնալ ցուցարարները, ի՞նչ կանխատեսումներ ունի գեներալը, Մանվել Գրիգորյանը պատասխանեց. «Ինչքան ուզեն: Սա մեր երկիրն ա, մեր տունն ա: Եթե դուք կարծում եք, թե էս երկրում կա մի մարդ, որ ուզում ա, որ ինչ-որ գին բարձրանա ուրեմն սխալվում եք: Չկա տենց մարդ»:
Ինչ վերաբերում է Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունում չարաշահումների պատասխանատուներին պատժելուն, Գրիգորյանն ասաց. «Դրանց գլուխները պտի ջարդվի. Որ բռնեմ` ջարդելու եմ»:
Նախորդող հրապարակում՝
Բաղրամյան պողոտայում որևէ լուրջ գործընթաց չի կարող հասունանալ. ԲՀԿ նախագահ