Երբ պահը գա, կվերականգնենք հասարակական կարգը. Օսիպյան
«Մեր քաղաքացիները իրավագիտակից են, նրանք կարող են ի վերջո լավ քայլ անել… ինձ թվում է՝ իրենք իրենց ձեռքով պողոտան կբացեն, այս աղբամանները կհանեն: Դա իմ կարծքին է»,- այս մասին քիչ առաջ Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե նույնիսկ ցուցարարների մոտ է հարց առաջանում՝ ինչո՞ւ ոստիկանությունը Բաղրամյան պողոտան չի բացում, քանի որ ցուցարարներն այդքան էլ մեծ թիվ չեն կազմում:
Իսկ եթե փոխոստիկանապետի սպասելիքները չարդարանան, ապա ի՞նչ կանեն, Վ.Օսպիյանը պատասխանեց. «Կվերականգնենք հասարակական կարգը պողոտայում, երբ պահը գա»:
Նա նաև նշեց, որ անհրաժետության դեպքում կվերականգնեն հասարակական կարգը և չբացառեց, որ այդ դեպքում Բաղրամյան պողոտա վերադառնան ջրցանները:
«Պետք չէ ջրցանից վախենալ: Դա օրենքով կարգավորված է և բոլոր երկրներում էլ կան»,- ասաց նա:
Լրագրողի դիտարկմանը, թե մասնագետների պնդմամբ՝ ջրցանը կուրացնում է, Վ.Օսպիյանն անկեղծ զարմացավ և հարցրեց՝ ինչո՞ւ: Երբ լրագրողն ասաց, թե ջրի ուժեղ շիթը կպնելով քունքոսկրին՝ կարող է մարդուն անմիջապես կուրացնել, փոխոստիկանապետն ասաց. «Անկեղծ ասած, առաջին անգամ եմ լսում, այստեղ այնքան տարբեր բաներ են պատմում ջրցանի մասին: Տեղեկացված չեմ»
Իսկ այն հարցին, թե ինչպես է վերաբերվում ոստիկանին, ով անհիմն հարվածում է քաղաքացուն, Երևանի փոխոստիկանապետը նշեց, թե եթե նման դեպք գրանցվել է, ապա տվյալ ոստիկանը կենթարկվի պատասխանատվության: Հիշեցմանը, թե այդ դեպքը եղել է հունիսի 23-ին, Վ.Օսիպյանն ասաց. «Արդեն 10 օր է ոստիկանությունն ասում է, որ նշանակված է ծառայողական քննություն և ուսումնասիրվում են բոլոր նյութերը: Հավաստիացնում եմ, որ կլինեն մարդիկ, ովքեր պատասխանատվության կենթարկվեն»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին