ՀՀ-ում Իրանի դեսպան. ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա
«ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա»,-այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեիսին:
Դեսպան Ռեիսին, անդրադառնալով ԼՂ հարցում Իրանի ունեցած դիրքորոշմանը, մասնավորապես նշել է. «Իրանն առաջին երկրներից է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում միջնորդական առաքելություն է իրականացրել, այդ հարցում մեր երկիրը որոշակի հաջողություններ է արձանագրել: Այնուհետև խնդրի կարգավորմամբ սկսեց զբաղվել ԵԱՀԿ Մինիսկի խումբը, որը, սակայն դեռ հաջողության չի հասել: Իրանը համոզված է, որ ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի երկխոսության ճանապարհով, միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա»:
Անդրադառնալով երկկողմ տնտեսական հարաբերություններին՝ դեսպանը նշել է, որ նախորդ տարի առևտրաշրջանառության ծավալները կազմել է 280 միլիոն դոլար: Դեսպան Ռեիսին նշել է, որ ամեն տարի շուրջ 100 հազար իրանցի զբոսաշրջիկ է ժամանում Հայաստան: Նրա խոսքով՝ Հայաստանի բնակչության կարևորագույն առանձնահատկություններից մեկը նրանց հյուրասիրությունն է: