12 առաքյալի և Սբ. Պողոս 13-րդ առաքյալի հիշատակության օրն է
Հայ Առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի 12 առաքյալի և Սբ. Պողոս 13-րդ առաքյալի հիշատակության օրը:
Հիսուս Քրիստոսի ընտրած 12 առաքյալները Քրիստոսի աշակերտներն ու Քրիստոսի վարդապետության առաջին տարածողներն էին, հարուցյալ Քրիստոսի վկաները:«Եվ նա իր մոտ կանչելով իր տասներկու աշակերտներին` նրանց իշխանություն տվեց պիղծ դևերի վրա՝ հանելու դրանք և բժշկելու ամեն ցավ և ամեն հիվանդություն» (Մատթ. 10:1): Պետրոս, Անդրեաս, Հակոբոս, Հովհաննես, Մատթեոս, Բարդուղիմեոս, Փիլիպոս, Թովմաս, Թադեոս, Հակոբոս (Ալփյան), Շմավոն (Կանանացի) և Հուդա առաքյալներն էին նրանք, որոնցից վերջինը եղավ Հիսուսի մատնիչը: Հետագայում 12 առաքյալների շարքում Հուդայի փոխարեն ընտրվեց Մատաթիա առաքյալը: Հավատարիմ Հարուցյալ Հիսուսի վերջին պատգամին, (Տես Մատթ. 28:18-19) առաքյալները Հիսուսի պատվիրանները քարոզեցին ու ուսուցանեցին տարբեր ազգերի, «մկրտեցին նրանց Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով», այսպիսով դառնալով Քրիստոսի եկեղեցու հիմնադիրները:
Քրիստոսի պատվիրանների ամենամեծ քարոզիչներից է Պողոս առաքյալը, որին քրիստոնյա եկեղեցին ճանաչում է իբրև 13-րդ առաքյալ: Առաքյալների գործունեությանն է նվիրված Աստվածաշնչի Գործք Առաքելոցը: Իսկ Պողոս առաքյալի քարոզչության, անձի ու գործունեության վավերագրեր են նաև Պողոս առաքյալի թղթերը, 14 նամակները, հաստատված եկեղեցական համայնքների ու անհատ քրիստոնյաների կողմից:
Qahana.am-ը գրում է, որ Հայ Առաքելական եկեղեցին 12 առաքյալների և 13-րդ առաքյալ ճանաչված Պողոս առաքյալի հիշատակը նշում է միասնաբար Վարդավառից մեկ շաբաթ առաջ, Վարդավառի Բարեկենդանին նախորդող շաբաթ օրը: Հայ եկեղեցու տոնացույցում կան նաև առաքյալների հիշատակության առանձին տոներ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին