Ինչո՞ւ կրկին երկարացվեց Իրանի միջուկային խնդրի շուրջ ընթացող բանակցությունների ժամկետը
Վիեննայում միջուկային խնդրի շուրջ Իրանի և «5+1 խմբի» անդամ երկրների ԱԳ նախարարների միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում որոշում կայացվեց բանակցությունների ժամկետը ևս 3 օրով երկարացնել: Թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով Panorama.am-ը զրուցել է իրանագետ Արմեն Իսրայելյանի հետ:
Փորձագետն, անդրադառնալով բանակցությունների ժամկետներն անընդհատ երկարացնելու խնդրին, նշեց, որ դա վկայում է, որ բանակցող կողմերը խնդրի հանգուցալուծման առանցքային հարցերի վերաբերյալ չունեն ընդհանուր մոտեցում, որոնք քիչ թե շատ կբավարարեն բոլոր կողմերին:
«Խնդիրը չի վերաբերում տեխնիկական հարցերին. թեև ժամանակ առ ժամանակ հայտարարվում է, որ մի շարք հարցերի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, և մնում է քննարկել մեկ-երկու հարց: Պետք է նշենք, որ հենց այդ մեկ-երկու հարցերն այն կարևոր հարցերն են, որոնք ընկած են «միջուկային հակամարտության» հիմքում»,-նշեց Իսրայելյանը և հավելեց. «Տպավորությունն այնպիսին է, որ «5+1 խումբը», գուցե ցանկություն ունի, սակայն չի կարողանում պատժամիջոցները չեղյալ հայտարարելու վերաբերյալ քաղաքական կամք ցուցաբերել»:
Անդրադառնալով հուլիսի 10-ին Իրանի միջուկային խնդրի շուրջ վերջնական համաձայնություն ձեռք բերելու հավանականությանը՝ փորձագետը նշեց. «Քիչ է հավանականությունը, որ այնպիսի համաձայնություն ձեռք բերվի, որը կբավարարի բոլոր կողմերին, այսինքն՝ այնպիսի համաձայնություն, որ հենց հուլիսի 10-ին Իրանի նկատմամբ սահմանված բոլոր պատժամիջոցները չեղյալ կհայտարարվեն, իսկ Իրանն էլ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչներին թույլատրի ստուգումներ իրականացնել ինչպես միջուկային, այնպես էլ ռազմական հաստատություններում»:
Շարունակելով խոսքը՝ Իսրայելյանը հավելեց. «Տպավորությունն այնպիսին է, որ Իրանի բանակցային թիմը բանակցությունների այս փուլում վճռական որոշումներ կայացնելու հարցում կաշկանդված է, բանն այն է, որ Մեջլիսում շրջանառության մեջ է դրված օրենքի մի նախագիծ, որն արգելում է ռազմական և անվտանգության ոլորտի հաստատություններում ստուգումներ կատարել»:
«Ամեն դեպքում 2013թ. նոյեմբերին Ժնևում ստորագրված համաձայնագրից հետո ընկած ժամանակահատվածում ահռելի մեծ աշխատանք է կատարվել, որը վերջնական համաձայնության հասնելու լուրջ նախադրյալներ է ապահովում. Որպեսզի բանակցությունները չմտնեն փակուղի, հնարավոր է կողմերը միջանկյալ համաձայնագիր ստորագրելու հարցում համաձայնության գան»,-մեզ հետ զրույցում նշեց փորձագետը: