«Լիսկայի» օգնականը կոտրել է մահափորձի գործով մեղադրյալի որդու խանութի ապակիներն ու դռները
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով մեղադրյալ Գարեն Աթաջանյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը այսօր պատրաստվում է Աթաջանյանի հարազատների նկատմամբ պաշտպանության միջոց կիրառելու մասին միջնորդություն ներկայացնել նախաքննական մարմին: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ինքը` փաստաբանը:
«Կապանի ոստիկանության բաժնի հետաքննիչ Սարգսյանը հայտնել է, որ իմ պաշտպանյալի որդու` Մհեր Աթաջանյանի խանութի վրա հարձակում կատարողը Զարզանդ Նիկողոսյանն է», -փոխանցեց փաստաբանը:
Նրա ներկայացմամբ, հարձակման ժամանակ կոտրել են խանութի ապակիներն ու դռները:
Զարզանդ Նիկողոսյանը, հիշեցնենք, նույն մարզպետի օգնականն է և հանրությանն առավել հայտնի դարձավ 2013-ի հունիսի 1-ին Գորիսում Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած աղմկահարույց դեպքի ժամանակ, երբ սպանվեց Ավետիք Բուդաղյանը` ՊՆ զինված ուժերի սպա Արտակ Բուդաղյանի եղբայրը: Զարզանդ Նիկողոսյանը և մարզպետի որդին` Տիգրան Խաչատրյանը պատասխանատվության չենթարկվեցին, նրանց նկատմամբ քրեական հետապնդումը վերացվեց` անհրաժեշտ ինքնապաշտպանություն կիրառելու հիմքով:
Նշենք, որ Գարեն Աթաջանյանը մեղադրվում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձն օժանդակելու համար: Մասնավորապես, ըստ քննչական մարմնի, Գարեն Աթաջանյանին մեղադրանք է առաջադրել սպանության` պատվերով ապօրինաբար երկու և ավելի անձանց դիտավորությամբ կյանքից զրկելու փորձին օժանդակելու (ՀՀ քրեական օրենսգրքի 38 -34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետեր), ինչպես նաև ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մաս:
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը փոխանցեց, որ ԱԱԾ քննչական մարմնի կողմից ներկայացված միջնորդությունը և Աթաջանյանին կալանավորելու մասին դատարանի որոշումը «անհիմն ու չպատճառաբանված են» և իրենք պատրաստվում են այսօր բողոքարկել դրանք:
«Գարեն Աթաջանյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, ցուցմունքներ չի տալիս և գործում առկա ու դատարան ներկայացված նյութերում չկա ոչ մի ողջամիտ ենթադրություն, որ ինքը մասնակցություն կամ առնչություն ունի կատարված հանցագործությանը»,-հավելեց փաստաբանը:
Նրա ներկայացմամբ, Երևան Կենտրոն ՔԿՀ-ում գտնվող իր պաշտպանյալը ունի առողջական լուրջ խնդիրներ`շաքարային դիաբետ, 3-րդ կարգի հաշմանդամ է, իսկ դատարանը կալանքի մասին միջնորդության քննության ժամանակ չի ընդունել նրա հիվանդության վերաբերյալ փաստաթղթերը` պատճառաբանելով, որ հիմքեր չունի ենթադրելու, որ դրանք իրականում հիվանդանոցից են վերցված: Սակայն, փաստաբանի խոսքով, դատական նիստի ընթացքում ներկայացվել է հիվանդանոցից վերցված ամբուլատոր քարտը` համարակալված ու կնքված:
«Էս քանի օրերի ընթացքում նրան անգամ դեղեր չեն տվել, պատճառաբանելով, որ բժիշկ չկա», -հավելեց նա:
Թեմային առնչվող հրապարակումներ`
Արա Բուդաղյանի նկատմամբ պատրաստվում են մեղադրանք առաջադրել. Ալումյան
Կազմվել է Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձ կատարած անձի ֆոտոռոբոտը
Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ մահափորձի գործով ձերբակալվել է Արա Բուդաղյանը և ևս 3 անձ. ԱԱԾ
«Բացարձակ կամայականություն էր». Փաստաբանը բողոքարկելու է Բուդաղյանին կալանավորելու մասին որոշումը
«Լիսկայի» դեմ մահափորձի գործով փաստաբանը միջնորդում է պաշտպանության միջոց տրամադրել Ավագյանի ընտանիքին
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց