«Շատ զվարճալի հայցադիմում». Ոստիկանությունն ընդդեմ «SOS»-ի գործով առաջին դատը
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Ոստիկանությունն ընդդեմ «SOS» նախագծի հեղինակ և վարող Գայֆեջյանի գործով դատական նիստը մեկնարկեց մեծ աղմուկով. հաղորդավարի մեծ թվով երկրպագուներ, ծանոթ երիտասարդներ, «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներ փորձում էին մտնել դատական նիստերի դահլիճ, սակայն դատական կարգադրիչները փակել էին դուռը և դահլիճի` փոքր լինելու պատճառաբանությամբ թույլ չէին տալիս ներս մտնել:
Նշենք, որ «SOS TV»-ով ոստիկանության մասին իր հաղորդումներից մեկում հնչած արտահայտությունների համար Հայաստանի ոստիկանությունը քաղաքացիական հայց է ներկայացրել դատարան` հրապարակայնորեն արտահայտած վիրավորանքի համար անձին քաղաքացիաիրավական պատասխանատվության ենթարկելու մասին պահանջով: Հիշեցնենք` Բաղրամյան պողոտայում բանակում մահացած զինվորների մայրերին ոստիկանների կողմից հրմշտելու և քաշքշելու միջադեպի վերաբերյալ հաղորդավարն իր հաղորդման (11-րդ թողարկում) ժամանակ ոստիկաններին որակել էր «շան տղերք» և այլն: Դատարանում ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչներն էին Սերգեյ Զաքարյանը, Հովհաննես Քոչարյանը և Արթուր Մադաթյանը:
Այսօր տեղի ունեցած նախնական դատական նիստում նախագահող դատավոր Արթուր Ստեփանյանը նախ արգելեց լրագրողներին առաջին հինգ րոպեներից հետո տեսանկարահանել նիստը, այնուհետև որոշեց Գայֆեջյանի ներկայացուցիչ իրավապաշտպան Արտակ Զեյնալյանին հեռացնել վարույթից, քանի որ վերջինը փաստաբան չէ:
Նիստից հետո Արտակ Զեյնալյանը հայտարարեց, որ նիստը տեսանկարահանելու արգելքը չպատճառաբանված էր ու կամայական և ասաց, որ հաջորդ դատական նիստում պահանջելու են թույլ տալ տեսագրել նիստը: Իսկ ինչ վերաբերում է հետագա դատական նիստերում իր մասնակցության արգելքին, Զեյնալյանն ասաց, որը այդ արգելքը հակասահմանադրական է և վստահեցրեց, որ կշարունակի այս գործով իրավախորհրդատվությունը: Իրավապաշտպանը իրենց հետագա անելիքների մասին սակավախոս էր և նկատեց, որ իրենց ցանկացած հայտարարություն կարող է օգտագործվել «հակառակորդի» կողմից:
Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հաջորդ նիստում դատավորը պետք է ավելի մեծ դահլիճ հատկացնի, քանի որ սա հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող նիստ է, և բոլորն են ցանկանում ներկա գտնվել: Ինչ վերաբերում է ոստիկանության ներկայացրած հայցին, ապա ըստ Բարսեղյանի, «հայցադիմումը շատ զվարճալի է», քանի որ հստակ չէ` ով է հայցվորը:
«Ոստիկանության ներկայացրած հայցադիմումի տակ ստորագրել են երկու մասնավոր անձինք, ովքեր ոստիկաններ են: Պատասխանողի փաստաբանը պահանջում էր հստակեցնել, թե ով է հայցվորը` ոստիկանությո՞ւնը, թե ֆիզիկական անձինք: Պատշաճ հայցվորի խնդիր կա: Կառավարության առընթեր մարմինը վիրավորվելու հատկանիշ չունի, ոստիկանությունը երևի պետք է գլխի ընկած լիներ», -հավելեց Բարսեղյանը:
Ինքը` պատասխանող Վիլեն Գայֆեջյանը հայտարարեց, որ չի պատրաստվում ներողություն խնդրել, քանի որ ինքը ոչ մեկին չի վիրավորել և նկատեց, որ իր համար անհասկանալի է` ինչից է վիրավորվել ոստիկանությունը:
«Չգիտեմ պատճառը, ծանոթանում ենք հայցին, այդ մասին հետո կխոսեմ», -լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց նա:
Նիստը հետաձգվեց մինչև սեպտեմբերի 4-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ