Վրաստանում գտնվողների խորհուրդները մեկնողներին
Հարևան Վրաստանի ծովափնյա քաղաքներում հանգստացող հայաստանցիներն այդ երկիր մեկնել պատրաստվողներին խորհուրդ են տալիս.
1. Խուսափել Բավրայի անցակետով գնալուց. Ճանապարհը վատն է, փոսեր են, շիբինածածկ հատվածներ, փոշի…Իսկ եթե, այնուամենայնիվ, որոշեք գնալ Բավրայով, ապա սահմանը հատեք ցերեկային ժամերին, գիշերային ժամերին մոլորվելու հավանականությունը նույնիսկ չեզոք գոտում մեծ է, չկա լույսի ոչ մի նշույլ, ոչ մի ճանապարհային նշան…
2. Կարտոֆիլ չտանել. վրացական անցակետում արգելում են այդ բանջարեղենն իրենց երկիր տանել: Հայաստանցիներից մի քանիսը Panorama.am-ին պատմեցին, որ անցակետում մեքենայից դուրս են հանել կարտոֆիլը, մյուս բանջարեղենների մուտքը չեն արգելել:
3. Ալկոհոլային խմիչքներ քիչ տանել. անցակետում խնդիրներ կարող է առաջացնել: 3 շիշ ալկոհոլային խմիչքի համար հայաստանցուն արգելել են հետագա մեկ ամսվա ընթացքում ալկոհոլային որևէ խմիչք տանել Վրաստան:
4. Երթևեկության կանոնները չխախտել. հատկապես վազանց չկատարել չթույլատրված հատվածներում: Բավրայի անցկատետով գնալիս Խաշուրի քաղաքից սկսած ճանապարհներին ոստիկանության մեքենաներ են շրջում: Մեքենաների ու ոստիկանների վրա հիմնականում տեսախցիկներ են ամրացված, ինչը նշանակում է «բազար» անել պետք չէ, ներում-բեկում չկա:
5. Մեքենան վարելիս չշտապել. վրացի վարորդները վտանգավոր են. Հայաստանցիներն ասում են, «մեկ էլ տեսար մեքենան քաշեց վրեդ»:
6. Գինը սակարկել ամեն տեղ. Վրացիների մոտ հայերն ընկալվում են հարուստ զբոսաշրջիկներ, որոնցից կարելի է պոկել ու պոկել: Շուկաներում առևտուր արած հայերը խորհուրդ են տալիս սակարկել գինը ամենուր՝ ափին կուկուռուզ, մեքենայից միրգ, շուկայում զարդ ու այլ բաներ գնելիս:
7. Ամեն ինչ նախորդ տարվա համեմատ զգալիորեն թանկացել է. վրացիները պատճառաբանում են՝ գազը թանկացել է, հոսանքը թանկացել է, դոլարը թանկացել է: