ՌԴ-ն չեղյալ է հայտարարել Ուկրաինայի հետ համաձայնությունը
Ռուսաստանը չեղարկել է Ուկրաինայի հետ համաձայնությունը «Կովկաս» և «Ղրիմ» անցակետերով երկաթուղային և լաստանավային ուղղակի հաղորդակցություն իրականացնելու մասին: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Համաձայնագիրը, որի կասեցման մասին որոշումը ստորագրվել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կողմից օգոստոսի 25-ին, ստորագրվել էր Ռուսաստանի և Ուկրաինայի միջև 2004թ-ին Կերչում:
2013թ-ին Ղրիմի բոլոր այցելուների 66%-ը օգտվում էին երկաթուղային հաղորդակցության միջոցներից, անցած տարի այդ ցուցանիշը կազմել է 40%, իսկ 2015թ-ի ընթացքում Ղրիմի հետ երկաթուղային հաղորդակցությունը լիովին դադարեցվել է Ուկրաինայի կողմից:
Այժմ Ռուսաստանից Ղրիմ հնարավոր է հասնել կա՛մ ինքնաթիռով, կա՛մ լաստանավով: Լաստանավային ուղևորափոխադրումների գերծանրաբեռնվածության խնդիրը լուծելու համար Ռուսաստանը կամուրջ է կառուցում Կերչի նեղուցի վրա, որը նախատեսվում է շահագործման հանձնել 2018թ-ին:
Կամրջի կառուցման ծախսերը գնահատվում են 3,3 մլրդ. դոլար: