Տարրական դպրոցի հաջողության գաղտնիքը առաջին ուսուցչուհին է, ոչ թե դպրոցի շքեղությունը. Արմեն Աշոտյան
Պետական հիմնական դպրոցներին վստահում եմ և ծնողներին խորհուրդ եմ տալիս իրենց երեխաներին տանել պետական հիմնական դպրոց: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Սակայն նշենք, որ նախարարի կրտսեր որդին հաճախելու է «Այբ» մասնավոր վճարովի դպրոց: Ավագ որդին նույնպես սովորում է այդ դպրոցում:
Հարցին, թե արդյոք նախարարը որդիների ուսման համար կարող է այդքան գումար՝ մոտ 5 մլն դրամ վճարել, նախարարը խուսափեց պատասխանել. «Խնդրում եմ՝ տեսախցիկներով իմ անձնական կյանք մի ներխուժեք»: Այնուհետև Ա.Աշոտյանն ասաց, որ «Այբ» դպրոցը ստեղծվել է իր նախարարության օրոք և իր մասնակցությամբ:
Դիտարկմանը, թե ի վերջո ինչպես է այդքան գումար վճարելու, Ա.Աշոտյանը պատասխանեց, որ բոլորը կարող են ուսումնասիրել եկամուտների իր հայտագիրը, որից պարզ կդառնա, որ ինքը կարող է դա իրեն թույլ տալ:
«Կարող եք վերցնել իմ եկամուտների հայտարարագրերը, ես դա կարող եմ ինձ թույլ տալ: Ինչպես յուրաքանչյուր հայ ծնող, ես էլ երեխաներիս կրթության և առողջության վրա չեմ խնայում»,- ասաց նախարարը և հավելեց. «Եթե ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարների էրեխեքը կարող են գնալ մասնավոր վճարովի դպրոց, ես հանգիստ կարող եմ դա ինձ թույլ տալ»:
Ա.Աշոտյանը նաև նշեց, որ իր ավագ որդին սկզբնական շրջանում հաճախել է Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցը, սակայն նրան վերաբերվում էին որպես նախարարի որդի, մինչդեռ ինքը չի պատրաստվում ամբողջ կյանքում նախարար մնալ:
Այդուհանդերձ, ԿԳ նախարարը խորհուրդ է տալիս երեխաներին տանել պետական դպրոց:
«Հանգիստ կարող են տանել հիմնական դպրոց: Տարրական դպրոցի հաջողության գաղտնիքը առաջին ուսուցչուհին է, ոչ թե շքեղությունը, նորամուծությունները, կամ նորաձևությունը: Կարող է շատ լավ վերանորոգված դպրոց լինել, բայց վատ դասվար լինել, բայց կարող է լինել անհրապույր դպրոց՝ հրաշալի դասվարով: Հմուտ ծնողները իրենց երեխաներին տանում են այն ուսուցիչների մոտ, ովքեր իսկապես լավն են»,- ասաց Ա.Աշոտյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ