Ճարտարապետի թոռը ուզում է նայել իր պապի ստեղծածը աղճատողի աչքերի մեջ (լուսանկարներ)
«Սա կոչվում է «անճաշակություն»: Նաև կոչվում է «հեղինակային իրավունքների անխիղճ ոտնահարում»»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել և լուսանկար է հրապարակել հաղորդավար, լրագրող, ճարտարապետ Մարկ Գրիգորյանի թոռը՝ Մարկ Գրիգորյանը:
Շարունակելով գրառումը՝ նա նշել է. «Ինչպիսի ցինիկ պետք է լինել, որպեսզի ինչ-որ բան նախագծել Երևանի ամենագեղեցիկ շենքերի մեկի՝ Ազգային ժողովի բակում: Իր մասին որքան մեծ կարծիք ու ինքնահավանություն պետք է ունենա մարդը, որը մատիտ է վերցրել (կամ էլ ինչ են վերցնում նման դեպքերում), որպեսզի ձեռք բարձրացնի այդ շինության վրա:
Սա իմ գրառումն է՝ բացարձակ անձնական ու անհատական: Ես գրում եմ այն նախագծողի մասին, որը որոշել է, որ իր պրոֆեսիոնալիզմը, հմտությունն ու ճաշակը մի մակարդակի վրա կարող է լինել ճարտարապետ Մարկ Գրիգորյանի պրոֆեսիոնալիզմի, հմտության և ճաշակի հետ:
Չէ որ դա պարզ է. եթե Մարկ Գրիգորյանը որոշեր, որ ջրավազանի եզրերը պետք է բարձր լինեն, հենց սկզբից դրանք կբարձրացներ: Եթե նա կարծեր, որ ջրավազանը պետք է որևէ կոմպոզիցիա ունենար, ուրեմն այն վաղուց կլիներ:
Իսկ հիմա……
Կոպիտ, գռեհիկ և անպետք միջամտություն: Ճարտարապետական աղտ:
Իսկ հիմա ես ուզում եմ նայել այդ մարդուն: Եթե, իհարկե, նա համարձակություն կունենա նայել իմ աչքերի մեջ»:
Ազգային ժողոցվի շենքը նախագծվել էր 1947 թվականին՝ հայտնի ճարտարապետ Մարկ Գրիգորյանի ղեկավարությամբ, իսկ շինարարությունն իրականացվել է 1948-1950 թվականներին: Կառուցման ավարից անմիջապես հետո՝ 1951 թվականին, Մարկ Գրիգորյանը պարգևատրվել է ԽՍՀՄ պետական մրցանակով: