Ռուս-չինական առևտրաշրջանառությունը նվազել է մոտ 30 տոկոսով.արևմտյան ԶԼՄ-ներ
Ռուսաստանի և Չինաստանի միջև տնտեսական կապերի զարգացումը զգալիորեն հետ է մնում նախանշված նպատակներից: rbc.ru-ի հաղորդմամբ, այս մասին գրում են արևմտյան գործարար ԶԼՄ-ները Վլադիմիր Պուտինի Պեկին այցի նախօրեին:
Առևտրաշրջանառությունը երկրների միջև նվազել է գրեթե մեկ երրորդով: Չինական ֆոնդային շուկաների անկումը հարվածել է նավթի գներին, ինչն ուժեղացրել է ճնշումը ռուբլու վրա և խորացրել ռուսաստանյան ռեցեսիան: Սա տեղի է ունենում մեկ տարի անց այն բանից հետո, երբ Մոսկվան հայտարարեց դեպի Արևելք շրջադարձի մասին՝ ԱՄՆ-ի ու Եվրոպայի հետ հարաբերությունների վատացման հետևանքով:
2015-ի առաջին կիսամյակում ռուս-չինական առևտրաշրջանառությունը նվազել է 29 տոկոսով՝ հասնելով 30,6 միլիարդ դոլարի: 2014-ի հոկտեմբերին Վլադիմիր Պուտինը խնդիր էր դրել ավելացնել ցուցանիշը մինչև 100 միլիարդ դոլար տարեկան: Սակայն, ռուսաստանյան պաշտոնյաներն այժմ ասում են, որ այս նպատակն անհասանելի է:
Առևտրաշրջանառության անկման հետևանքով Ռուսաստանը վերջին 15 տարվա մեջ առաջին անգամ դուրս է մնացել Չինաստանի 15 արտաքին տնտեսական գործընկերների ցանկից:
Գործակալությունը նշում է, որ ռուս-չինական մի շարք համաձայնագրեր, այդպես էլ ամբողջ ծավալով չեն կատարվել:
Ռուս-չինական վերլուծական կենտրոնի տնօրենի կարծիքով, չինացի ներդրողները դադարեցնում են իրենց նախագծերը Ռուսաստանի հետ այն պատճառով, որ ցանկանում են տեսնել, թե ինչ է լինելու ապագայում ռուբլու հետ: