Բուֆոն. «Կարծում էի՝ պետք է լինեմ լավագույն 5 դարպասապահների շարքում»
«Յուվենթուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը շեշտել է, որ «Ոսկե գնդակ-2015»-ի հավակնորդների ցուցակում չհայտնվելը չի կարող հիասթափության պատճառ լինել: Թեկնածուների ցուցակից իտալացի դարպասապահի բացակայությունը համընդհանուր հուզմունք է առաջացրել ֆուտբոլային հանրության շրջանում:
«Այսօր առավոտյան նայեցի հեռախոսս ու ապշեցի, թե աջակցության խոսքերով որքան շատ հաղորդագրություններ եմ ստացել: Անկեղծ՝ նույնիսկ չգիտեի, որ ցուցակն այսօր կհրապարակվի, ուստի նման ուշադրությունն իմ անձի հանդեպ իսկական անակնկալ էր: Իմ ողջ կարիերայի ընթացքում աշխատել եմ լավատես մնալ, ուստի հիասթափության զգացումն ինձ պարզապես բնորոշ չէ:
Ես այս ամենի արդյունքում միայն պետք է շնորհակալություն հայտնեմ այսքան ջերմ խոսքերի համար, որ ստացել եմ: Չեմ թաքցնի, կարծում էի, որ կլինեմ լավագույն 5 դարպասապահների շարքում անցած մրցաշրջանի արդյունքներով: Բայց, հավատացեք, այդ մտքերն արդեն չեն հուզում ինձ»,- գրել է Բուֆոնն իր թվիթթերյան էջում: