Խոսրով Հարությունյանը՝ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ դառնալու մասին
Ազգային ժողովի օրակարգում ընդգրկված նախագծերի մեջ է հայտնվել նաև ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահի ընտրությունը։ Մինչ սույն հանձնաժողովի այլևս նախկին նախագահ Դավիթ Հարությունյանի կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնում նշանակվելը, խորհրդարանում արդեն այդ հանձնաժողովի նախագահի թեկնածու էին համարում ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանին: Վերջինս, ի դեպ, այս պահին այդ հանձնաժողովի փոխնախագահն է։ Հովհաննես Սահակյանին, սակայն, մրցակից է հայտնվել։ Հանրապետական պատգամավորները մի քանի օր է, սույն հանձնաժողովի նախագահի թեկնածու են համարում նաև Խոսրով Հարությունյանին: Վերջինս ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի անդամ է։ Ու քանի որ Դավիթ Հարությունյանի դուրս գալուց հետո հանձնաժողովի ՀՀԿ-ական անդամների թիվը մեկով պակասել է, ՀՀԿ-ական պատգամավորների շրջանում քննարկվում է սույն հանձնաժողովում Խոսրով Հարությունյանի ընդգրկումը, որից հետո էլ նա կարող է ընտրվել հանձնաժողովի նախագահ:
Երեկ նման հեռանկարի վերաբերյալ «Հայկական Ժամանակ»-ը զրուցել է Խոսրով Հարությունյանի հետ:
-Պարոն Հարությունյան, ՀՀԿ-ական պատգամավորները հնարավոր են համարում, որ դուք մտնեք պետաիրավական հանձնաժողով և դառնաք այդ հանձնաժողովի նախագահ: Եղել է նման խոսակցություն ձեզ հետ, հնարավո՞ր է համաձայնեք ու ստանձնեք այդ պաշտոնը:
-Նախ, նման խոսակցություն ինձ հետ չի եղել: Որքան ես եմ տեղյակ, նույնիսկ ներքին քննարկումներ չեն եղել: Ես այս պահին, անկեղծ ասած, դժվարանում եմ նույնիսկ արձագանքել ձեր հարցադրմանը: Ես ժամանակին՝ 1995-97 թվականերին, եղել եմ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ, բայց այս պահին ես ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովում եմ, և այնտեղ էլ, ինչպես ասում են, ինձ վատ չեմ զգում, նկատի ունեմ՝ իմ մասնագիտական կարողությունները օգտագործելու տեսանկյունից: Կդժվարանամ հիմա պատասխանել:
-Ամեն դեպքում, ՀՀԿ-ականները Հովհաննես Սահակյանի անունն են նշում ու ձեր անունը:
-Հովհաննես Սահակյանը, օրինակ` իրավաբան է մասնագիտությամբ, կարծում եմ, միգուցե Հովհաննես Սահակյանն ավելի կհամապատասխանի: Անկեղծ եմ ասում, պատրաստ չեմ որևէ կերպ արձագանքել: Բայց ես կարծում եմ, որ այնտեղ մասնագիտական առանձնահատկությունները նույնպես կարևոր են:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում