Ինձանից մենակ սատանեքն են վախենում. Վարդան Ղուկասյան
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը երեկ պատասխանել է «Հայկական Ժամանակ»-ի հարցերին:
-Պարոն Ղուկասյան, այս օրերին անընդհատ խոսվում է, որ հնարավոր է դուք էլ պաշտոն ունենաք նոր կառավարությունում: Հնարավո՞ր է ինչ-որ ձևով ներգրաված լինեք այնտեղ:
-Ես հեչ մի բանից տեղյակ չեմ, հավատա ինձ: Ոչ մի բանից ես տեղյակ չեմ, ոչ էլ հետաքրքրվում եմ, ասեմ ձեզ: Ես ոչ հետաքրքրվում եմ ինձ պաշտոն տան, ոչ որևիցե մեկին մի հարցով դիմում եմ, ոչ դնում եմ, ոչ վերցնում եմ, ոչ էլ քաղաքականությամբ եմ զբաղվում, այլ ես զբաղվում եմ իմ հավատքով, իմ խղճով, աշխատատեղեր ստեղծելով, իմ բիզնեսով: Սա է ինձ հետաքրքրում: Ինչքան ձեզանից հեռու, այնքան Աստծուն մոտիկ: Եղա՞վ:
-Իսկ ձեզ չեն զանգել, առաջարկել ինչ-որ նոր պաշտոն:
-Չէ աղջիկ ջան, ընդհանրապես: Նմանատիպ խոսակցություններ ընդհանրապես չկա: Չեմ էլ ուզում, որ լինի: Ուղղակի ձեր գործը վատ կեղնի, էլի, ես որ չեմ էղնի, դուք խայտառակ կեղնիք: Սենց է՞լ բան կեղնի, այ մարդ:
-Պարոն Ղուկասյան, դուք գիտեք, որ Սամվել Բալասանյանը զրահապատ մեքենա է գնել..
-Ըդիկ ով է, ո՞վ է ըդիկ, էդ Սամվել Բալասանյանը: Չեմ ճանաչում դրան: Մարդ կա՞ տենց:
-Ասում են, իր կյանքի համար ձեզանից է վախենում, դրա համար է գնել է այդ զրահապատը:
-Ինձանից մենակ սատանենքն են վախենում: Լավ մարդ ինձանից ինչի՞ պիտի վախենա: Ես լավ մարդու բարեկամ եմ: Ո՞վ է ինքը, եղած չեղած մի բան է ելի: Ափսոս է Գյումրու քաղաքապետարանը, որ ժողովուրդը վրան գրել է «Կոտոշներ, սմբակներ գրասենյակ»:
-Քաղաքապետարանի շենքի վրա՞ են գրել:
-Ամբողջ քաղաքի ժողովուրդը քաղաքապետարանի վրա գրել է «Կոտոշների, սմբակների գրասենյակ»: Էն կինոն տեսե՞լ եք, «Ոսկե ցլիկը», «Կոտոշների, սմբակների գրասենյակը» ինչ շուտ փակվեց: Դե, հիմա ճակատագիր է, իրա հերն էլ անիծած: Ժողովուրդ իմ կառույցի վրա գրել է Գյումրու քաղաքապետարան, այնտեղ գրել է «Կոտոշների, սմբակների գրասենյակ»: