Վարդան Մամիկոնյանի արձանը հայտնվել է «Պեպսիի» տաղավարի գագաթին. «ՀԺ»
Երեկվանից սպարապետ Վարդան Մամիկոնյանի արձանը հայտնվել է «Պեպսիի» տաղավարի գագաթին: Համենայնդեպս, այդպես է երևում Խանջյան փողոցի կողմից դիտելիս: Բանն այն է, որ Երևանի քաղաքապետարանի թույլտվությամբ, արձանի մերձակա հրապարակի ուղիղ կենտրոնում տեղադրվել է «Պեպսի» ֆիրմայի մի տաղավար, որը ծածկել է զորավարի արձանի պատվանդանը: Եվ թվում է, թե քաղաքապետարանը ճարտարապետական հանճարեղ լուծում է գտել, որպեսզի զորավարն իր հավատարիմ ձիով սուրա «Պեպսիի» վրայով:
«Սա ավելի լավ Երևանի գաղափարախոսությանը համահո՞ւնչ է»,- հարցրել է «Հայկական Ժամանակ»-ի թղթակիցը Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանին:
Փոխքաղաքապետը, նախ, աշխատակազմից ճշտել է, թե ինչ գործ ունի տաղավարն այդ հրապարակում: Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը թերթի թղթակցին և Արեյանին հայտնել է, որ սա տեղադրվել է «Պեպսի» ֆիրմայի խնդրանքով, մի ակցիայի շրջանակներում, և որ տաղավարը ժամանակավոր է:
«Հայկական Ժամանակ»-ի թղթակցի հարցին, թե ժամանակավոր մի քանի օ՞ր, թե՞ ժամանակավոր մի քանի ամիս, Երևանի քաղաքապետարանից դժվարացել են պատասխանել. խոստացել են անպայման ճշտել և պարզաբանում տալ: Սակայն ողջ օրվա ընթացքում քաղաքապետարանն այդպես էլ պարզաբանմամբ հանդես չի եկել:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում