Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը «պարտվել» է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում տեղի ունեցած Արդարադատության խորհրդի անդամների ընտրություններն ավարտվել են ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի պարտությամբ:
Նշենք, որ այդ խորհուրդը համարվում է դատավորների «դատարանը», վերահսկում է դատական իշխանության աշխատանքը և ենթարկում տույժերի, ուստի Վճռաբեկ դատարանի նախագահը ցանկանում է այնտեղ ունենալ բացառապես իրեն հնազանդ անդամներ, որպեսզի անհրաժեշտության դեպքում հատուկենտ «անկախ» դատավորներին թելադրի իր կամքը, վախեցնի նրանց:
Նշենք, որ ԱԽ անդամներին ընտրում են դատավորների ընդհանուր ժողովի կողմից գաղտնի քվեարկությամբ 9 դատավոր, ՀՀ նախագահի և ԱԺ-ի կողմից նշանակված երկուական իրավաբան-գիտնականներ: Եվ որպեսզի այդ 9 դատավորների կազմում հավատարիմներ ունենա, Մկրտումյանը սկսել է լոբբինգ անել իր ցանկալի թեկնածուների համար: Անգամ հուլիսի 25-ի ընտրության ժամանակ անձամբ է զանգահարել մարզային մի շարք դատավորների՝ հորդորելով ընտրել Մնացական Մարտիրոսյանին՝ որպես ԱԽ անդամ: Սակայն դատավորների մեծամասնությունը բոյկոտել է Մկրտումյանին և քվեարկել միանգամայն այլ թեկնածուի օգտին: