«Ռոսկոնտրոլ»-ի կողմից «Ապարան» շշալցված ջրին ներկայացված մեղադրանքներն առնվազն կասկածելի են. «ՀԺ»
«Հայկական Ժամանակ»-ը երեկվա համարում տեղեկություն էր հրապարակել, այն մասին, որ ռուսական «Ռոսկոնտրոլ» կոչվող նախագիծը փորձաքննության էր ենթարկել ռուսական շուկայում վաճառվող 12 տեսակի շշալցված ջրեր, որոնց թվում էր նաև «Ապարան» հայտնի ջուրը: Եվ ըստ այդ փորձաքննությունների, «Ապարանի» մեջ հայտնաբերված միկրոօրգանիզմների և նիտրատների քանակությունը գերազանցում է թույլատրելի նորման:
«Ապարան» արտադրությունը իրականացնող «Ուոթերլոկ» ընկերության ղեկավարությունը «Հայկական Ժամանակ»-ին է տրամադրել հետաքրքիր փաստաթղթեր, որոնք վկայում են, որ «Ռոսկոնտրոլի» եզրահանգումները առնվազն կասկածելի են: Նախ, ռուսական շուկայում իրացվելու թույլտվություն ստանալու համար «Ապարանը» անցել է այդ երկրում սահմանված բոլոր ստուգումները, որոնց համաձայն արտադրանքը ամբողջովին համապատասխանում է սահմանված նորմերին: Եվ այդ մասին տրվել է համապատասխանության թիվ 2484 սերտիֆիկատը: Բայցի այդ, «Ապարանը» ստուգում է անցել ՀՀ ԳՆ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսաբանասանիտարական լաբարատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում, և ըստ այդ փորձաքննության ևս՝ ջուրը բոլոր չափանիշներով համապատասխանում է նորմերին: