Հալաբյանի գետնանցումը մարմնավաճառների հավաքատեղի է դարձել. «Առավոտ»
Մարզահամերգային համալիրի դիմացի գետնանցումն ամբողջությամբ զվարճանքի վայրի է վերածվել: Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի գետնանցումների տարածքները վարձակալությամբ է տալիս տնտեսվարողներին որոշակի ծառայություններ մատուցելու համար, օրինակ՝ խանութների, արագ սննդի կետեր: Ճիշտ է, Հալաբյանի գետնանցումն էլ է ծառայություններ մատուցելու պայմանով վարձակալվել, առևտրի ու սպասարկման դաշտում է գործում, բայց այստեղ միանգամայն այլ ծառայություններ են մատուցվում:
Գետնանցումի տարածքը վարձակալած տնտեսվարողը սեքսապաթոլոգի, տնտեսագետի, ու սրտացավ տղամարդու գիտելիքները հաջողությամբ օգտագործել է ի շահ իրեն և իր բարօրություն հաճախորդների: Գետնանցումում գործող անանուն «մոթելը» «Աֆինա» գիշերային ակումբից մի քանի քայլ այն կողմ է: Ակումբում մերկապարից «ոգևորված» տղամարդիկ «Աֆինայից» ոտքները հանում են գցում են «մոթել»: Գետնանցումում նաև համբույր անունով բար-սրճարան է գործում. Այս «Համբույրն» էլ, երևի, այցեքարտն է «մոթելի»: Զվարճանքի վերածված այս գետնանցումից շատ քաղաքացիներ են օգտվում, քանի որ այն բանուկ հատվածում է:
«Առավոտ»-ի հետ զրույցում քաղաքացիները դժգոհել են, որ հաճախ անհարմար դրության մեջ են հայտնվում գետնանցումից օգտվելիս. «Կնիկ, էրեխեքի հետ անցնում ենք տնքոցներ ենք լսում, էլ չասեմ թե ինչ տեսակի մարդիկ են գալիս էս «ստրիպտիզ- կլուբ»: Ամոթել է, սենց տեղերում սենց օբյեկտ չի կարելի բացել: Լենինգրադյանի վրա կանգնողներն էլ են (նկատի ունի Լենինգրադյան փողոցի մարմնավաճառներին) իրենց կլիենտներով գալիս: «Շնանոցա դառել»:
«Առավոտ»-ը Երևանի քաղաքապետարանին հարցում է ուղարկել՝ թե ո՞ր ընկերության է գետնանցումի տարածքը տրամադրվել, և ի՞նչ տեսակի գործունեություն համար: Քաղաքապետարանից թերթի հարցերին, ըստ էության, չեն պատասխանել, միայն տեղեկացրել են. «Օրենքով չարգելված գործունեություն իրականացնելու նպատակով»: