Ազատության հրապարակում հանրահավաքով «սպառնացող» Ծաղիկ Ռուբոն նախընտրեց «Փարավոն» ռեստորանը. «Հրապարակ»
ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գևորգյանը շաբաթներ առաջ ԱԺ ամբիոնից սրտաճմլիկ հայտարարություններ էր անում, թե իր նախատեսած Երդվյալ ազատամարտիկների միության համագումարի համար իրենց տարածք չեն հատկացնում, և իրենք ստիպված են լինելու Ազատության հրապարակում հանրահավաք անել: Բայց հանրահավաքը տեղի ունեցավ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանային համալիրի բացօթյա մասում: Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
Չնայած Ծաղիկ Ռուբոն, հավատարիմ մնալով կուսակցության «գծին», հրապարակային ելույթներում չի արտասանել «իշխանափոխություն» բառը, բայց հավաքին մասնակցածներից մեկը, ով ազատամարտիկ չէ, «Հրապարակ»-ին հայտնել է, որ իրենց նախապատրաստում են իշխանափոխության: Ռուբեն Գևորգյանը բոլորին կարգադրել է մասնակցել հոկտեմբերի 10-ի հանրահավաքին, դա իշխանափոխության սկիզբն է լինելու: