Անկախության օրվա ուղերձը Գյումրիի քաղաքապետը արտատպել է Բակո Սահակյանից. «Ժողովուրդ»
«Հայրաքաղաք» համարվող Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը Հայաստանի անկախության տոնի առիթով մեր հայրենակիցներին իր ուղերձը հղելու հեշտ տարբերակ է գտել: Նա այլևս ջանք ու եռանդ չի թափել ուղերձ գրելու կամ գրել տալու համար, այլ օգտվել է մյուս պաշտոնյաների ուղերձից:
«Ժողովուրդ»-ի լրագրողը նկատել է, որ սեպտեմբերի 21-ի նրա ուղերձը, մեղմ ասած, նման է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի նույն օրվա ուղերձին:
Սամվել Բալասանյանի ուղերձում, մասնավորապես, նշված են հետևյալ տողերը. «Արդեն 23 տարի է, ինչ Հայաստանի անկախ պետությունը կայացած իրողություն է ու իր արժանի տեղն է զբաղեցնում ժողովրդավարության ուղին բռնած աշխարհի մյուս երկրների շարքում»:
Արցախի նախագահի ուղերձում ասված է. «Եվ ահա արդեն 21 տարի է, ինչ Հայաստանի անկախ պետությունը կայացած իրողություն է ու իր արժանի տեղն է զբաղեցնում ժողովրդավարության ուղին բռնած աշխարհի մյուս երկրների շարքում»:
Եվ այսպես՝ ողջ ուղերձը:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը փորձել է անձամբ Բալասանյանից ճշտել, թե ինչու է նա արտատպել Բակո Սահակյանի ուղերձը, սակայն քաղաքապետն այդպես էլ չի պատասխանել թերթի հեռախոսազանգերին:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ