Գագիկ Հարությունյանը պատասխանել է Տեր-Պետրոսյանի քննադատությանը. «Առավոտ»
Վերջին տարիներին քաղաքական զարգացումները ցույց տվեցին, որ իր գնահատականներում և քննադատություններում ամենառադիկալը առաջին նախագահ Տեր-Պետրոսյանն է: Նրա քաղաքագիտական վերլուծություններում քննադատությունների մի հսկա բաժին նաև Գագիկ Հարությունյանին հասավ:
«Առավոտ»-ի հարցին` ինչպե՞ս եք գնահատում և ընդունում դրանք, Գագիկ Հարությունյանը պատասխանել է, որ ցանկացած քննադատություն ինքը «փշերի վրա» չի ընդունում:
«Ինքը իր փաստարկներն ունի, հնարավոր է` դրանց հիմքում դրված են ոչ լիարժեք տեղեկատվություն, սուբյեկտիվ գնահատականներ… ոչ թե դրանից պետք է նեղվածություն կամ ինչ-որ հետևություններ անել, այլ պետք է գտնել` ինչու է այդպիսի հարցադրումներ կատարում, ինչի՞ն է ուղղված քննադատությունը: Միգուցե նաև օբյեկտի՞վ պատճառներ կան»,- պատասխանել է «Առավոտ»-ի զրուցակիցը՝ հավելելով, որ եթե մոտեցումը սխալ է, ինքը ջանում է գործով ապացուցել դրա սխալականությունը:
«Այս պարագայում նույնպես առաջին նախագահն առաջ է քաշում խնդիրներ, որոնց զգալի մասն ամենաընդհանրական ձևով և սահմանադրագիտական մոտեցումների տեսանկյունից արտացոլված են այս հայեցակարգում: Շատ մարդիկ նույնիսկ հայեցակարգը կարդալիս ասում են` սա ընդդիմությո՞ւնն է գրել, թե իշխանությունների կողմից է պատրաստված, որովհետև օբյեկտիվ ախտորոշման արդյունքում արվել են եզրահանգումներ, որոնք բավական դառը հաբեր են ցանկացած մեկի, նաև իշխանությունների համար»,-ասել է «Առավոտ»-ի Հարությունյանը: