ԲՀԿ-ական քաղաքապետերն ու համայնքապետերն իրենց ընդդիմադիր չեն համարում. «Ժամանակ»
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընդդիմադիր զեղումներից հետո ԲՀԿ-ական քաղաքապետերից ոմանք և մի շարք համայնքապետեր պատրաստվում են վերանայել իրենց կուսակցական պատկանելությունը` ավելորդ խնդիրներից խուսափելու համար:
«Ժամանակը» փորձել է ԲՀԿ-ական քաղաքապետերից պարզել՝ մասնակցո՞ւմ են հանրահավաքներին, և արդեն իսկ հաջողվո՞ւմ է իրենց՝ որպես ընդդիմադիր ղեկավարել իրենց համայնքը: Եղեգնաձորի ԲՀԿ-ական քաղաքապետ Դավիթ Հարությունյանը թերթի հետ զրույցում ասել է, որ հանրահավաքներին մասնակցում է, բայց չի կիսում կուսակցության տեսակետը:
«Հա մասնակցել եմ միտինգներին, բայց ոչ մի բան չեմ կիսում»,- ասել է նա:
Երբ թերթի թղթակիցը հետաքրքրվել է, թե այդ դեպքում ստիպողաբա՞ր է մասնակցել հանրահավաքներին ու հնարավո՞ր է՝ կուսակցությունը լքի նույն տեսակետը չունենալու պատճառով, ԲՀԿ-ական քաղաքապետը, պատճառաբանելով, թե «թաղման տեղում է», հարմար չէ խոսելը, անջատել է հեռախոսը:
Թերթը հիշեցնում է, որ ԲՀԿ-ական սկանդալային պատգամավոր Կարո Կարապետյանը՝ Յուվեցի Կարոն, ևս վերջերս հայտարարել էր, որ «իրենից ընդդիմադիր դուրս չի գա»:
Գեղարքունիքի մարզի Մաքենիսի ԲՀԿ-ական համայնքապետ Հարություն Մանուկյանը թերթի հետ զրույցում նույնպես չի ընդունել, թե ինքը ընդդիմադիր է:
«Ես ընդդիմադիր չեմ, ցավդ տանեմ, ինչեք ուզում ինձանից: Ես ոչ հանրահավաքի եմ մասնակցում, ոչ էլ»,-ասել է նա:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: