Ծառուկյանի նախկին սանիկ Պալաչը քաշքշուկների մեջ է. «Ժողովուրդ»
Դեռևս հոկտեմբերի 14-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախկին սանիկ Արթուր Հարությունյանը (Պալաչ) գնել է Աբովյան քաղաքի հեռուստաընկերության բաժնետոմսերի 50 տոկոսը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ա. Հարությունյանը դեռևս քաշքշուկների մեջ է, քանի որ վերջնականապես չի լուծվել նրա բաժնեմասի հարցը: Բայց այդ ընթացքում Հարությունյանը ակտիվորեն զբաղված է հեռուստաընկերության «վերակենդանացման» աշխատանքներով: Ականատեսների խոսքերով՝ Հարությունյանին գրեթե ամեն օր կարելի է տեսնել հեռուստաընկերությունում, թե ինչ է հասկանում նա այդ ոլորտից, դժվար չէ կռահել:
Թերթը փորձել է Արթուր Հարությունյանից մեկնաբանություններ ստանալ, թե երբ հասկացավ, որ իր մեջ լրագրողական «տաղանդ» կա: Սակայն Պալաչը հայտարարել է, որ ինքը որևէ խնդիր չունի, բայց և չի ցանկանում որևէ հարցի պատասխանել: