Եվրոպայի կրկնակի չեմպիոն Վարդան Միլիտոսյանը տաքսի է վարում. «ՀԺ»
Եվրոպայի կրկնակի չեմպիոն, (1976, 1978), աշխարհի առաջնությունների կրկնակի արծաթե մեդալակիր (1976, 1978), Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր (1976), հրում վարժությունում աշխարհի քառակի ռեկորդակիր, սպորտի վաստակավոր վարպետ (1976) գյումրեցի Վարդան Միլիտոսյանը տաքսի է վարում։
Պարզվում է՝ նա ստիպված է նաև այսկերպ՝ որպես լրացուցիչ միջոց, հոգալ իր ընտանիքի կարիքներն արդեն մի քանի տարի շարունակ։ Չեմպիոնը, իհարկե, չի համարում, թե իրերի առկա դասավորությունն օրինաչափ է ու իր տեղը մեքենայի մոտ է, բայց և չի չարացել։ Ասում է՝ սիրում է իր հայրենիքը, իսկ հեռացողներին նա չի հասկանում։
«Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում նա պատմել է, որ 2004 թվականին Գյումրիի ծանրամարտի մարզադպրոցի տնօրենի պաշտոնը թողնելուց հետո սկսել է տաքսի քշել:
«20 տարի դպրոցի տնօրեն աշխատեցի, պատրաստել եմ շատ աշակերտներ: Իմ աշակերտներից մեկը Յուրի Վարդանյանն է, մեկը՝ Իսրայել Միլիտոսյանը: Նրանց առաջին ճանապարհը ես եմ բացել: Հիմա մարզադպրոցում մարզիչ եմ աշխատում: Աշխատում ենք երեխաներին օգնում ենք: Այնպես որ ամեն ինչ լավ է, աշակերտները ինձանից գոհ են»,-նշել է նա: