«Քարֆուրի» ու «Երևան սիթիի» մրցակցության արդյունքում «ֆրանսիական հացն» էժանացել է. «Հայկական ժամանակ»
Վերջին օրերին երևանյան սուպերմարկետներում նկատվում է, այսպես կոչված, «ֆրանսիական հացի» գների կտրուկ անկում։ Այդ տեսակի հացը մի քանի օրվա ընթացքում էժանացել է ավելի քան 20 տոկոսով։ Պատճառը իսկապես ուշագրավ է։ Այս տեսակի հացը հիմնականում վաճառվում է «Քարֆուր» և «Երևան սիթի» սուպերմարկետներում։ Ձգտելով ընդլայնել «ֆրանսիական հացի» սպառման ծավալները՝ «Երևան սիթիում» գինը կտրուկ նվազեցվեց՝ 113 դրամից հասցնելով 99 դրամի։
«Կարճ ժամանակ անց «Քարֆուրը» դիմեց նույն քայլին՝ 113 դրամից էժանացնելով այդ հացը 89 դրամ։ Այսպիսով՝ նշված սուպերմարկետներում «ֆրանսիական հացի» գինը հաշված օրերի ընթացքում նվազեց 14-24 դրամով։ Ակնհայտ է, որ սա այդ 2 սուպերմարկետների միջև սկսված մրցակցության դրսևորում է՝ շատ փոքրիկ, գուցե աննշան, բայց դրսևորում։ Դժվար է, իհարկե ասել, թե մրցակցության ավելի լայն դրսևորումների ականատեսը կլինե՞նք առաջիկայում, թե ոչ, այս երկու սուպերմարկետների միջև մրցակցությունը կդառնա՞ օրինաչափություն, թե պետք է բավարարվենք ընդամենը մի քանի բացառություններով։ Հուսանք, որ նման երևույթները միայն սկիզբն են, մեր հասարակությունը նույնպես՝ երբևէ կկարողանա ըմբոշխնել մրցակցության հաճույքը»,-գրել է թերթը