Ամուսինների սպանության մեջ կասկածվող անձը փորձել է ինքնասպանություն գործել. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, երեկ Ուլնեցու փողոցում սպանված ամուսինները եղել են իրենց ավտոտնակի դիմաց: Ամուսիններից մեկը հրազենային վնասվածքը ստացել է գլխի շրջանում, իսկ մյուսը՝ կրծքավանդակի: Նույն այդ տեղեկություններով, ամուսինները իրենց բնակարանը վարձով էին տվել և ապրում էին ավտոտնակում: Սպանված Հովհաննես Մխիթարյանը աշխատում էր հացի փռում՝ առավոտյան խանութներին հաց էր մատակարարում, իսկ երեկոյան այդ նույն ավտոտնակում մեքենաներ էր վերանորոգում: Հարևանների պատմելով սպանված ամուսինները մեկ դուստր և մեկ որդի ունեին: Որդին մոտ 6 ամիս է՝ ծառայում է բանակում, և արդեն տեղյակ են պահել դեպքի մասին, իսկ դուստրն ապրում է արտասահմանում:
Երեկ կեսգիշերին թերթին հայտնի է դարձել, որ ոստիկանները հայտնաբերել են Ուլնեցու փողոցում ամուսինների սպանության մեջ կասկածվող անձին: Ձերբակալության պահին նա փորձել է ինքնասպանություն գործել՝ իր վրա կրակելով: Ոստիկանությունից չեն հերքել տեղեկությունը, սակայն այլ մանրամասներ չեն հայտնել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: