Ինչ խնդիր է լուծում Ադրբեջանը՝ ՀՀ սահմանները գնդակոծելով. «Առավոտ»
«Առավոտ»-ի հետ զրույցում 1999-2000թթ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հարցին՝ ինչի՞ է հետ է կապված հատկապես այս օրերին նման լարված իրավիճակը և ագրեսիան հակառակորդի կողմից՝ պատասխանել է. «Նախ, մենք պետք է հասկանանք, թե ինչ խնդիր է հետապնդում Ադրբեջանը: Նման իրավիճակներ եղել են և շարունակվելու են: Ադրբեջանն այս դեպքերով լարվածություն է պահում և Հայաստանի, և Ղարաբաղի շփման գծում՝ փորձելով վախի մթնոլորտ ստեղծել Հայաստանի բնակչության մոտ:
Այդ գործողություններով նա ճնշում է գործադրում Մինսկի խմբի վրա, որպեսզի համանախագահները բերեն առաջարկ, որը բխի իրենց` Ադրբեջանի շահերից: Իրենք փորձում են ճնշել այն պետություններին, որոնք նավթ են արտահանում, որ եթե դուք լուծում չտաք հօգուտ Ադրբեջանի` կսկսվի պատերազմ: Ինքը պատերազմի վերսկսման սպառնալիքի տակ ուզում է հասնել այն իրավիճակին, որ Հայաստանն ու Ղարաբաղը գնան զիջումների: Սա է Ադրբեջանի նպատակը: Ուրիշ բան չկա, որովհետև այսօր Ադրբեջանն ի վիճակի չէ պատերազմ սկսել, անկախ նրանից, որ մեծ գումարներ ունի: Տարածաշրջանում ռազմաքաղաքական բալանսը թույլ չի տալիս իրեն սկսել պատերազմ»: