18:56 03/09/2010 » Տարածաշրջան

Իրանի ԱԳ նախարար. Հայ-իրանական հարաբերությունները զգալի աճ են գրանցել

Իրանի Իսլամական Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության փոխհարաբերությունները վերջին տարիներին զգալի աճ են գրանցել, եւ դա ոչ միայն տնտեսական եւ ռազմավարական բնույթի նախագծերի իրականացման ոլորտում, այլեւ քաղաքական եւ մշակութային բնագավառներում: Այս մասին PanArmenian.net-ի հետ զրույցում հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Մանուչհեր Մոթթակին:

«Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության մեջ կարեւոր տեղ են զբաղեցնում հարեւանների հետ հարաբերությունները եւ այս առումով Հայաստանը հատուկ տեղ է գրավում: Իրանի եւ Հայաստանի հարաբերությունները տարբեր ոլորտներում, մասնավորապես տնտեսական բնագավառում լավ զարգացում են ունեցել, եւ երկու երկրների բարձրագույն ղեկավարների այցելություններն ու ստորագրված փաստաթղթերը խոսում են այս հարաբերությունները առավել զարգացնելու հաստատուն կամքի մասին»,-ասել է Իրանի արտգործնախարարը:

Նա հույս է հայտնել, որ երկու երկրների համապատասխան պաշտոնյաների համագործակցության ու օժանդակության շնորհիվ մոտ ապագայում նավթամթերքներ տեղափոխող խողովակաշար եւ Հայաստանում նավթամթերքների տերմինալ կառուցելու նախագծերի շուրջ վերջնական համաձայնության կայացման ականատեսը լինենք:

Միևնույն ժամանակ Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարի համոզմամբ, առկա են չօգտագործված շատ հնարավորություններ ու պոտենցիալ: Ուստի նկատի ունենալով, որ հարաբերությունների ընդլայնման համար չկա որեւէ սահմանափակում, ապա, Իրանի ԱԳ ղեկավարի համոզմամբ, հարկավոր է, որպեսզի պատշաճ գործողություններով եւ օգտագործելով անհրաժեշտ միջոցներ, այդ թվում երկու երկրների միջեւ ազատ առեւտրի եւ նախընտրելի տարիֆների մասին համաձայնագրերի մշակումը, երկկողմ փոխհարաբերությունները բարձրացնենք հարեւան երկրների հարաբերություններին հարիր եւ ընդունելի մակարդակի (նվազագույնը մեկ մլրդ դոլարի):

Հիշեցնենք, որ խոսելով տարածաշրջանում տիրող վիճակի և ԼՂ հարցի մասին` Մանուչհեր Մոթթակին մասնավորաբար ասել է. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնական դիրքորոշումն է` հակամարտող կողմերին խրախուսել ցուցաբերել զսպվածություն եւ խաղաղ ճանապարհով լուծել հակամարտությունը, եւ Իրանը պատրաստակամություն է հայտնում նպաստել այդ գործընթացին»:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, ապա Իրանի Իսլամական Հանրապետությունը, ըստ պարոն Մոթթակիի, Թուրքիայի եւ Հայաստանի հետ ունի բարիդրացիական հարաբերություններ եւ ցանկանում է, որպեսզի բոլոր հարեւան երկրների սահմանները լինեն խաղաղ եւ կայուն, եւ այդ շրջանակներում ոչ միայն ողջունում է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների ձեւավորումն ու սահմանների վերաբացումը, այլեւ հայտնել է իր պատրաստակամությունը` օժանդակելու այդ գործընթացին:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց