16:04 24/11/2008 » Հասարակություն

«ՄԱՐՏԻ 1-2-Ի ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՈՒՅՆՊԵՍ ԾՐԱԳՐՎԱԾ ԵՆ ԵՂԵԼ 300-Ի ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ»

«Դեռ 1991 թվականի Ջոն Քոլեմանի «300-ի կոմիտեն և Համաշխարհային կառավարման գաղտնիքները» գրքում տառ առ տառ նշված է այն ամենը, ինչ այսօր կատարվում է աշխարհում` ֆինանսատնտեսական ճգնաժամ` արդյունքում գործազրկության, արվամոլության, հարբեցողության և նարկոմանիայի տոկոսների աճ»,-գրքի մասին այսօր հիշեցրեց «Քրիստոնյաներն ընդդեմ մարդկանց համարակալման» կազմակերպության նախագահ Խաչիկ Ստամբոլցյանը: Ըստ նրա, երկիր մոլորակը կառավարվում է 300-ի կոմիտեի կողմից, որոնց հիմնական նպատակը ազգային ինքնագիտակցությունը աշխարհաքաղաքացու ինքնագիտակցությամբ փոխարինելն է:

Պատմաբան Գևորգ Յազըճյանն էլ նշեց, թե 300-ի կոմիտեի ծրագրերի կետերի մի մասն արդեն կատարվել է Հայաստանում կամ ընթացքում է:

Ըստ գրքի, ծրագրի մի քանի կետերի համաձայն «արմատախիլ կարվեն ազգային հպարտությունը և ցեղային պատկանելիությունը, բոլոր մարդկանց վրա կդրոշմվեն իրենց ով լինելու համարները (ըստ Յազըճյանի` սոցիալական քարտերը), ամուսնությունները կլինեն ապօրինի (կվերանա դասական տիպի ամուսնական ընտանիքները), կլինեն միասեռական ընտանիքներ, սննդի ու խմելու ջրի մեջ կխառնվեն թմրանյութեր առանց մարդկանց գիտակցության` գիտակցության վրա ազդելու համար, բոլոր հաշվարկները կկատարվեն քարտերի միջոցով (պլաստիկ քարտեր) և այլն»: «Այս ամենից հետո Աստծու կողմից մարդկությանը տրված մի քանի շնորհներ` կամքը, խիղճը, բանականությունը հանվում են և մարդն, ըստ էության, դառնում է երկոտանի անասուն: Ես սարսափում եմ, որ մեր ազգը կարող է ոչնչանալ»,-ասաց Գ. Յազըճյանը:

Ալեքսանդր Ամարյանն էլ, ով ղեկավարում է «Քայքայիչ պաշտամունքից տուժավածների վերականգնողական և օգնության» կենտրոնը նշեց, որ գրքի մեջ կան կառույցների և կազմակերպությունների ցանկ, որոնք իրագործում են 300-ի կոմիտեի ծրագրերը, ու դրանց մեծ մասը գործում է նաև Հայաստանում` և բարեգործական անվան տակ, և որպես բանկային, ֆինանսական համակարգ:

«Մեր իշխանական մարմիններում ներդրված են 300 կոմիտեի ծառաների ծառաները, ովքեր կատարում են սատանայական ձեռագրի տարբեր դրույթները: Սա լուրջ ազգային, պետական անվտանգության խնդիր է»,-ասաց Գ. Յազըճյանը:

Խ. Ստամբոլցյանը բերեց մի օրինակ. «Հայաստանի Սահմանադրության մեջ ընտանիքի հոդվածը գրվել է 300–ի կոմիտեի թելադրանքով` նպաստելով միասեռականությանը: Այնտեղ գրված է, որ չափահաս տղամարդը և չափահաս կինը կարող են ընտանիք կազմել, բայց գրված չէ` կինը տղամարդու հետ»: Նա նշեց, որ այն ժամանակ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանից պահանջել է փոխել ու երկու սեռերի միությունը կոչել ընտանիք, բայց «նա կտրականապես մերժել է, քանի որ պատվեր էին կատարում»:

Բանախոսները չգիտեն` Ազգային անվտանգությունը զբաղվո՞ւմ է նման խնդիրների դեմ պայքարով, թե ոչ, բայց կասկածում են, քանի որ «համատարած երևույթները շարունակվում են` կրոնական կազմակերպությունների գրանցում, մարդկանց ինքնագիտակցության վրա ազդող երևույթների (ռոք, մետալիկա երաժշտություն) նկատմամբ դրական մոտեցումներ, պետական մրցանակներ են տալիս այն գրողներին, ովքեր այլանդակ բառերով պոեմներ ու բանաստեղծություններ են գրում`քարոզելով այլասերում:

Ի դեպ, նրանք նշում են, որ մարտի 1-2-ի իրադարձությունները նույնպես ծրագրված է եղել 300-ի կոմիտեի կողմից:

«300-ի կողմից ծրագրված մեխանիզմներն իրականցվում են տարբեր երկրներում: Բայց նրանցից շատերը, ի տարբերություն Հայաստանի, քայլեր են ձեռնարկում այդ մեխանիզմերի դեմ»,-ասաց Գ. Յազըճյանը:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց