15:13 21/05/2009 » Հասարակություն

ՔԱՐՏԵԶԻ ՃԻՇՏ ՏԱՐԲԵՐԱԿՆ ԱՐԴԵՆ ԵԹԵՐՈՒՄ Է

Հանրապետության հեռուստաընկերություններից միայն մեկի եղանակի տեսության ժամանակ է ցուցադրվում Լեռնային Ղարաբաղի իրական քարտեզը: Այս մասին Panorama.am-ին ասաց «Հանուն ճիշտ քարտեզների» նախաձեռնող խմբի երևանյան անդամ Վահրամ Միրաքյանը: Ըստ նրա, մինչ օրս, մյուս հետուստաընկերություններում ցուցադրվում են «գոյություն չունեցող և ոչ մի պետության կողմից չընդունված» ԼՂԻՄ քարտեզը:

«Մենք բազմիցս դիմել ենք տարբեր հեռուստաընկերություններին, բայց նրանցից միայն ԱԼՄ հեռուստաընկերությունն արձագանքեց մեզ ու արդեն 15 օր է, ինչ հեռուստաընկերությունով հեռարձակվող եղանակի տեսության ժամանակ ցուցադրվում է լեռնային Ղարաբաղի իրական քարտեզը: Իսկ մյուս հեռուստաընկերությունները շարունակում են ցուցադրել այժմ գոյություն չունեցող Սովետական` Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի քարտեզը»,-ասաց Վ., Միրաքյանը:

Նախաձեռնող խմբի դիտարկումների համաձայն, սխալ քարտեզների օգտագործումը սխալ ձևակերպումներ է առաջացնում ու որպես հետևանք` սխալ մտածելակերպ: Վ. Միրաքյանի խոսքով, այս ամենի արդյունքում օգտագործվում է «Ղարաբաղի շրջակա տարածքներ» կամ «գրաված տարածքներ» ու նման այլ սխալ արտահայտություններ:

Այժմ, քարտեզի արդեն ցուցադրվող տարբերակը, Վ. Միրաքյանի խոսքով, ստեղծվել է անշահախնդիր կամավորների ջանքերով ու քարտեզի ճիշտ տարբերակը հեռուստատեսությամբ օգտագործվում է առաջին անգամ: «Հեռուստաընկերության մեզ ընդառաջ այդ քայլն ինտերնետ ոլորտում, բլոգոսֆերայում, ֆորումներում շատերի կողմից մեծ ոգևորությամբ ընդունվեց: Իսկ ճիշտ քարտեզի ցուցադրումը քանդեց այն ստերիոտիպը, իբրև թե դրա ցուցադրման դեպքում հեռուստաըկերությունները կարող են պատժվել»,-նկատեց նախաձեռնող խմբի անդամը:

Նշենք, որ «Հանուն ճիշտ քարտեզների» նախաձեռնող խմբի անդամի խոսքով, իրենք շարունակելու են իրենց գործունեությունը, միչև «Մետիո TV»-ն ու սխալ քարտեզներ օգտագործող ընկերությունները ցուցադրեն քարտեզի ճիշտ տարբերակը:
Ի դեպ, նախաձեռնող խումբն անդամներ ունի նաև ԼՂՀ-ում:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց