13:42 27/06/2009 » Հասարակություն

ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ԲԼՈԳԻ ԳԱՂԱՓԱՐԸ ՏԱՐԱԾԵԼՈՒ ԱՆՎՃԱՐ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

«ԱյՍիԹի» ընկերությունն անցկացնում է անվճար դասընթացներ, որոնք նպատակ ունեն հայկական գիտական և մասնագիտական շրջանակներում տարածելու բլոգի գաղափարը:

Այն կարող է դառնալ գործիք` հայական գիտական PR-ի համաշխարհային գիտական և պոտենցիալ ոլորտներում:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «ԱյՍիթի» ընկերության նախագահ Էդգար Խաչատրյանը:

Նա նշեց, որ այդ դասընթացները նպատակ ունեն նպաստել Հայաստանի վարկանիշի բարձրացմանը և արտերկրի գործընկերների հետ գիտական օղակներում առավել արդյունավետ համագործակցությանն :

Էդգար Խաչատրյանը նշեց, որ գիտնականները կարող են իրենց բլոգներում ներկայացնել իրենց գյուտերն ու հոդվածները:

«Բլոգի միջոցով Հայաստանի գիտական աշխարհը կներկայացվի արտերկրում: Գիտնականներն իրենց հոդվածները, գյուտերը, կամ հայտնագործությունները հնարավորություն կունենան ներկայացնել աշխարհի տարբեր համալսարանների ներկայացուցիչներին»,- հավելեց նա:

«ԱյՍիԹի» ընկերության նախագահը նշեց, որ ընկերությունը դասընթացները անցկացնում է տարբեր ոլորտներում հայտնի կազմակերպությունների հետ:

Հունիսի 22-25-ը արդեն անցկացվել է առաջին դասընթացը «Արմակադա» («ARMAKADA») կազմակերպության հետ` հասարակական գիտությունների ոլորտի ներկայացուցիչների համար, որին մասնակցել են 15 հոգի:

Մասնակիցներից 10-ին տրվել են վկայականներ, իսկ 5-ի համար կբացվեն բլոգներ: Նա նշեց, որ դասընթացների ընթացքում գիտնականներին ներկայացվել է, թե ինչ մեխանիզմներով կարող են պաշտպանել իրենց հեղինակային իրավունքները:

Էդգար Խաչատրյանը հայտնեց, որ մինչև սեպտեմբեր կանցկացվեն դասընթացներ «SYL», «APMA», «FYCA», «European Movement Armenia» և այլ կազմակերպությունների հետ:

Նա նշեց, որ համագործակցության արդյունքում ստեղծվել է «www.TheArmenia.am» ինտերնետային կայքը, որը դառնալու է հայկական գիտական բլոգների շտեմարան:

Այս դասընթացին կաջակցի նաև ՀՀ Սփյուռքի նախարարությունը:

Նրա խոսքերով, այսօր Հայաստանում գործում է մոտ 1000 բլոգ, որոնք բոլորն էլ ունեն միայն քաղաքական ուղղվածություն, իսկ դա արտաքին աշխարհին այդքան էլ չի հետաքրքրում:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց