15:22 17/08/2009 » Հասարակություն

ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ ԹԻՎ 11 ԴՊՐՈՑԻ ՆԱԽԿԻՆ ՍԱՆԸ ՊՆԴՈՒՄ Է ԻՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի շուրջ իրադարձությունները կրկին բուռն ընթացք են ստացել: Գործով վկա ներգրավված «S.O.S Թեղուտ» երիտասարդական կազմակերպության ակտիվիստ Մարիամի Սուխուդյանը նույն գործով այժմ անցնում է որպես մեղադրյալ: Նրան առաջադրվել է մեղադրանք`ՀՀ Քրեական օրենսգքրի 333-րդ հոդվածի առաջին մասով` սուտ մատնություն:

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել քաղաքից չբացակայելու մասին ստորագրությունը: «Ես չեմ իմացել, որ ինձ ոստիկանություն կանչել են սուտ մատնության մեղադրանքով: Ինձ եկած ծանուցագրում գրված է եղել, որ առաջադրվում է մեղադրանք զրպարտության համար: Դա ինձ շատ զարմացրեց, ապշեցրեց: Գնացի ոստիկանություն և որոշումը տվեցին, այնտեղ նոր տեսա, որ գրված է սուտ մատնության համար է առաջադրվել մեղադրանքը», -Panorama.am-ին ասաց Մարիամ Սուխուդյանը:

Հիշեցնենք, 2008-ի վերջերին Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվեց մի տեսանյութ, որը Նուբարաշեինի թիվ 11 դպրոցում տիրող ամենթողության մասին էր պատմում: Ըստ տեսանյութի, դպրոցի սաները այժմ արդեն հայոց լեզվի նախկին ուսուցիչ Լ. Ա-ի կողմից ենթարկվել էին սեռական բնույթի ոտնձգությունների:

Տեսանյութի հիման վրա ՀՀ ոստիկանության ՔԳ վարչության Էրեբունու քննչական բաժինը հետաքննություն է անցկացրել, որի արդյունքում 2009-ի փետրվարի 11-ին հարուցվել է N12105809 քրեական գործ, բայց ոչ թե սեռական ոտնձգությունների մեղադրանքով, այլ ՀՀ Քրեական օրենսգրքի 135 հոդվածի առաջին մասով` զրպարտության մեղադրանքով: 2009-ի մայիսին Մարիամ Սուխուդյանը և «S.O.S Թեղուտի» մյուս ակտիվիստները հրավիրվել են ՀՀ ոստիկանության ՔԳ վարչության Էրեբունու քննչական բաժին` որպես տվյալ գործով վկաներ:

Սակայն շաբաթ օրը, երբ Մարիամը հրավիրվել է ոստիկանություն, պարզվել է, որ ինքն այլևս գործով վկա չէ, և նա, ինչպես վերը նշեցինք, անցնում է գործով որպես մեղադրյալ ու մեղադրվում է սուտ մատնության համար:

Որպես վկա, ստիկանություն է կանչվել նաև Հանրայինով հեռարձակված տեսանյութի հեղինակ Սյուզան Սիմոնյանը: Նա Panorama.am-ին փոխանցեց, որ իրավապահ մարմիններին ասել է, որ որտեղից է ստացել իր տեղեկությունները և ովքեր են դրա աղբյուրը: «Ես նրանց հանձնել եմ տեսանյութերը, որոնք կցվել են արձանագրությանը», - հավելեց նա:

Նկատենք, որ նշված դպրոցում կատարված անօրինությունների մասին տեսանյութը Հանրային հեռուստաընկերությանը տրամադրել է հենց Մարիամենց կազմակերպությունը, որն այդ դպրոցում մոնիտորինգ է իրականացրել` պարզելու, թե որքանով են նման փակ համակարգերում պաշտպանվում երեխաների իրավունքները:

Մանկավարժի սեռական բնույթի ոտնձգությունների մասին շրջանավարտների կողմից հնչած մեղադարանքներին Նուբարաշենի թիվ 11 դպրոցի տնօրեն Մերուժան Ենգիբարյանը պատասխանել էր, թե այդ մեղադրանքներն անհիմն են և «երեխաների երևակայության արդյունք են»:

«Մենք, որ այնտեղ աշխատում էինք, տեսնում էինք, որ շատ կան երեխաներ, որոնք բավականին նորմալ էին, նկատի ունեմ սակավամիտ չէին, ինչպես անվանում են դպրոցը: Մենք զարմանում էինք` ինչպես կարող են բոլորին հավասարապես մի համակարգով, մի ծրագրով ուսուցանել: Ավարտած աղջիկներն ասում էին, որ իրենք հոգեբանական ծանր ճնշման մեջ էին ընկնում և ավելին էին ուզում սովորել, քան տրվում էր նրանց: Ի՞նչ ենք անում այդ երեխաների հետ», -պատմեց Մարիամը:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ով նախկինում եղել է Նուբարաշենի թիվ 11 դպրոցի սան, պնդում է, որ դպրոցի նախկին ուսուցիչ Լ. Ա-ն դպրոցի երեխաների շրջանում անվանվել է որպես «Կապույտ մորուք» և աչքի է ընկել երեխաների հանդեպ իր առանձնահատուկ դաժանությամբ: «Միշտ ծեծում էր բոլորիս, անխնա ու հայհոյում բոլորին` անկախ նրանից, աղջիկ են, թե տղա», - Panorama.am-ին ասաց Գագիկ Շամշյանը:

Հ. Գ.
Լրատվամիջոցներից մեկում տեղեկություն էր տպագրվել, որ այդ դպրոցում է սովորել նաև «Հայլուրի» լրագրող Մհեր Արշակյանը: Վերջինս մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ ինքն այդ դպրոցում «ոտք անգամ չի դրել»: «Չգիտեմ որտեղից են այդ տեղեկությունները տպագրվում, դա անհեթեություն է. ես այդ դպրոցում ոտք անգամ չեմ դրել ու, բնականաբար, այնտեղ չեմ սովորել», - հավելեց նա:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց