Դեռ հստակ չէ, Կաթողիկոսը կմասնակցի՞ Բաքվում կայանալիք գագաթաժողովին, թե՞ ոչ

13:36 20/03/2010 » Հասարակություն

Դեռ հստակ չէ, Կաթողիկոսը կմասնակցի՞ Բաքվում կայանալիք գագաթաժողովին, թե՞ ոչ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի նախօրեին գումարվել է Գերագույն հոգևոր խորհրդի ընդլայնված ժողով:

Տերունական աղոթքից հետո Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին իր օրհնությունը և գնահատանքն է բերել Վեհափառ Հայրապետը:

Մայր աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, նախորդ ժողովի արձանագրության հաստատումից հետո Խորհրդի անդամները ձեռնամուխ են եղել օրակարգային հարցերի քննարկմանը: Գերագույն հոգևոր խորհրդի նիստին ներկայացվել են Մայր Աթոռի 2009թ. գործունեության տեղեկագիրը և ֆինանսա-տնտեսական զեկույցը:

Ժողովում ամփոփվել են մարտի 16-18-ը Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Ա Պատրիարքի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին կատարած պաշտոնական այցի արդյունքները: Նորին Սրբությունը տեղեկացրել է, որ Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքի այցի ընթացքում Կովկասի մահմեդականների առաջնորդ Շեյխ ուլ իսլամ Փաշա Զադեի և Կիրիլ Ա Պատրիարքի անունից փոխանցվել է հրավեր` մասնակցելու ապրիլի 26-28-ը Բաքվում կայանալիք ԱՊՀ և Բալթյան երկրների հոգևոր առաջնորդների գագաթաժողովին: Այս առնչությամբ Վեհափառ Հայրապետը հայտնել է Գերագույն Հոգևոր խորհրդի անդամներին, որ ընթացակարգային որոշակի հստակեցումներից հետո վերջնական որոշում կկայացվի գագաթաժողովին Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասնակցության վերաբերյալ:

Նիստում գերագույն հոգևոր խորհուրդն ի գիտություն է ընդունել Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության Կրոնական Ժողովի ատենապետ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի զեկույցը Կոստանդնուպոլսի Հայոց Աթոռակից Պատրիարքի ընտրության ընթացքի վերաբերյալ` վերահաստատելով փոխանցված տեղեկատվությունը, որ Թուրքիայի իշխանություններին ներկայացվել է Աթոռակից Պատրիարք ընտրելու վերաբերյալ դիմումը` սպասելով ընտրության անցկացման համար համապատասխան արտոնության տրամադրմանը:

Ժողովականներին տեղեկացվել է նաև, որ կարգալույծ է հռչակվել Արցախի թեմի հոգևոր սպասավոր Տ. Հակոբ աբեղա Ապրեսյանը` կանոնազանց ընթացքի համար: Այսուհետ նա կարգվում է աշխարհականների դասում` կոչվելով ավազանի անունով` Միրզա Ապրեսյան:
Ժողովն ավարտվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով և աղոթքով:

 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց