Մշակվում է սեյսմիկ անվանգության համակարգի զարգացման հայեցակարգ. 100 տարում` 8-10 բալ ուժգնությամբ 4 երկրաշարժ

16:27 22/03/2010 » Հասարակություն

Մշակվում է սեյսմիկ անվանգության համակարգի զարգացման հայեցակարգ. 100 տարում` 8-10 բալ ուժգնությամբ 4 երկրաշարժ

«Տարածաշրջանում վերջին երկու տարիների ընթացքում բավականին շատ երկրաշարժեր են տեղի ունեցել: 20-րդ դարի ընթացքում միայն Հայաստանում գրանցվել է 4 խոշոր երկրաշարժ` 8-10 բալ ուժգնությամբ: Սա նշանակում է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջազգային գնահատականներով կովկասյան տարածաշրջանը բավականին մեծ ռիսկեր է պարունակում, հնարավորինս արագ մշակենք հայեցակարգ ու լուծումներ տանք այս ոլորտում կուտակված խնդիրներին»,- Հայաստանի սեյսմիկ անվտանգության համակարգի մշակման աշխատանքային խմբի նիստի ժամանակ ասաց Ազգային անվտագության խորհրդի քարտուղար, Եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Նա ասաց, որ Ազգային անվտանգության 2010 թ. տարեկան ծրագրով նախատեսված է սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգի մշակում, որը պետք է մշակվի ու այս տարվա ընթացքում ներկայացվի Ազգային անվտանգության խորհրդի հաստատմանը: Փաստաթղթի մշակումը նախատեսված է նաև Հայաստան-Եվրամիություն քաղաքական համագործակցության 2009-11 թթ. ծրագրով:

Աշխատանքային խմբի անդամ, Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության պետ Էդիկ Բարսեղյանն ասաց, որ ԱԱԽ-ն կարևոր քայլ է ձեռնարկել:

«Բոլորին հայտնի է, որ սեյսմիկ պաշտանությունը Հանրապետության համար կարևոր նշանակություն ունի: Սեյսմիկ ռիսկն առավել բարձր է հատկապես Երևանում ու հարակից մարզերում, որտեղ բնակվում է հայ բնակչության մեծամասնությունը: Ակտիվացել է Գառնիի երկրաշարժի օջախը, որը, ըստ մասնագետների, ամենավտանգավորն է մայրաքաղաքի համար»,- ասաց նա:

ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության հյուսիսային ՊՈԱԿ-ի տնօրեն Սերգեյ Նազարեթյանն էլ ասաց, որ խիստ կարքի կա սեյսմիկ շրջանցման նոր քարտեզի կազմման, տեխնիկայի արդիականացման: Ըստ նրա, այսօր Երևանում կա 3500 բնակելի շենք, որոնց սեյսմակայնությունն այնքան էլ բարձր չէ, ու, ընդհանրապես, այժմ ամենամեծ պրոբլեմը Երևանի սեյսմիկ ռիսկի գնահատումն է:

«Այսօր մեր երկրում հրատապ անհրաժեշտություն է նման հայեցակարգի մշակումը, դրանով պայմանավորված միջոցառումների ցանկի կազմումն ու իրականացումը: Նպատակ ունենալով բարձրացնել մեր սեյսմիկ անվտանգության մակարդակը, պետք է կարողանանք իրականացնել ճիշտ կանխարգելիչ միջոցառումներ, արդիականացնել գիտացանցերը, արձագանքել տարաբնույթ մարտահրավերներին»,- ասաց Ա. Բաղդասարյանը` հավելելով, որ կարքի կա ինստիտուցիոնալ ու օրենսդրական բարեփոխումների:
Ա. Բաղդասարյանն աշխատանքային խմբի անդամներին ասաց, որ մեկ ամսվա ընթացքում իրենք պետք է ուսումնասիրեն հայեցակարգի նախնական տարբերակն ու իրենց նկառումները ներկայացնեն հանձնաժողովի նախագահին: Հունիսի վերջին տեղի կունենա ևս մեկ նիստը, որի ընթացքում ներկայացվելու է հայեցակարգի մշակմանը մասնակից բոլոր գերատեսչությունների տեսակետները, իսկ սեպտեմբերին արդեն պետք է ներկայացվի Ազգային անվտանգության խորհրդի հաստատմանը: Հայեցակարգի մշակմանը կարող են ներգրավվել նաև ՄԱԿ-ի և Եվրամիության փորձագետներին:

«Չնայած մեր սեյմսիկ ապահովության համակարգը միջազգային փորձագետների կողմից պարբերաբար դրական գնահատականների է արժանացել, բայց այս բարեփոխումները հասունացած են»,- ասաց Ազգային անվտանգության քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց